«Դեռ չունենք այդ միասնական պլատֆորմը». Լևոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է՝ իշխանություններն օգտագործելու են ընդդիմադիրների բազմաթիվ առաջարկները և նրանց ընդունումը` որպես շղարշ, ծածկույթ նրա համար, թե ինչու չեն ընդունել իսկապես արմատական և առանցքային առաջարկները: Այսօր 168.am-ը ՀԱԿ ղեկավարից հետաքրքրվեց՝ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների միասնական պլատֆորմ ստեղծելու Ձեր կոչն ի՞նչ փուլում է, ովքե՞ր են միացել, ո՞ւմ հետ եք քննարկումներ անում:

Ի պատասխան՝ Լ. Զուրաբյանն ասաց, որ կոչի իմաստն այն էր, որ իսկապես առանցքային հարցերը լուծումներ ստանան. «Որովհետև շատ առաջարկներ կարելի է անել, վստահ եմ, ընդդիմության շատ առաջարկներ իշխանությունը կընդունի ու հետո դրոշը կծածանի, թե՝ ընդունեցինք բազմաթիվ առաջարկներ: Խնդիրը հենց դա է, որ նրանք օգտագործելու են այդ բազմաթիվ առաջարկները և նրանց ընդունումը՝ որպես շղարշ, ծածկույթ նրա համար, թե ինչու չեն ընդունել իսկապես արմատական և առանցքային առաջարկները, սա է պատճառը, որ մենք բոլորին առաջարկել ենք, որ պահպանելով իրենց օրակարգը և բազմաթիվ պահանջները՝ ստեղծել միասնական ճակատ այն առաջարկների շուրջ, որոնք առավելագույնս կարող են փոխել ընտրությունների բնույթը, և այդ առաջարկները պետք է 3-4-ը լինեն, որովհետև, եթե 15 ես ներկայացնում, դրանցից ոչ կարևորներն են ընդունում՝ ստեղծելով կառուցողականության պատրանք»:

Նա նշեց, որ բոլորին էլ ուղարկել են իրենց առաջարկները ու չեն ասում, թե անպայման իրենց առաջարկածը պետք է անցնի ու սպասում են կոնկերտ պատասխաններին. «Հրապարակայնորեն բոլորն էլ ասում են, որ ճիշտ բաներ են դրանք, բայց դեռ դա չի պաշտոնականացվել, դեռ չունենք այդ միասնական պլատֆորմը»:

Մեր այն հարցին, թե կոնկրետ քննարկումներ այս պահին կա՞ն որոշակի ուժերի հետ, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ երկկողմանի, մասնավոր քննարկումներ կան, ինստիտուցիոնալացված ոչինչ դեռ չկա: Մեր այն դիտարկմանն էլ, թե Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը ձեզնից որևէ առաջարկ չի ստացել, ՀԱԿ ղեկավարն այսպես պարզաբանեց. «Մարուքյանին իսկապես չեմ ուղարկել, անպայան կուղարկեմ, դա տեխնիկական խնդիր է, ուղղակի այդ պահին նրա մեյլը չունեի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս