«Դա լինելու է ամենախայտառակ Ընտրական օրենսգիրքը». Արթուր Սաքունց

«Միջազգային բոլոր զեկույցների հիմնական ձևակերպումն է՝ վստահություն ընտրությունների նկատմամբ: Իշխանությունների, քաղաքական ուժերի հիմնական առաքելությունն է՝ ընտրողների մոտ բարձրացնել վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ: Նաև նշվում է՝ որ ճանապարհով. այդ ճանապարհը համագործակցությունն է, ներառական մասնակցության ապահովումը»,- այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող քննարկմանը նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ, թեև քննարկման թեման նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն է, որին, նրա խոսքով՝ տիրապետում է միայն Հանրապետական կուսակցությունը, դրա ներկայացուցիչը հարկ չի համարել ներկա գտնվել ու «գոնե ծանոթացնել, այսպես կոչված, պաշտոնական նախագծի որոշ դրույթներին և մոտեցումներին».

«Ի դեպ, հիշեցնեմ, որ երեկ ՀՀԿ ղեկավարը հարցազրույցներից մեկում մի այսպիսի միտք էր արտահայտել, որ իրենք բաց են համագործակցության համար, ինչը մենք չենք տեսնում ու այս պահից սկսած արձանագրում ենք, որ իշխանությունները չեն ապահովում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի՝ ներառական գործընթաց ապահովելու կարևոր հանձնարարականը»:

Ըստ նրա՝ դա լինելու է ամենախայտառակ Ընտրական օրենսգիրքը. «Անունով կոչվում է պառլամենտական, բայց էությամբ լինելու է մեծամասնական: ՀՀ տարածքը բաժանում են օլիգարխ-ֆեոդալների ազդեցության տարածքների, և ով որ այդտեղ շատ ձայն հավաքեց, ինքը ցուցակում գրավելու է առաջին տեղը: Բնականաբար, այսօրվա պայմաններում գիտենք՝ այդ ձայների քանակն ապահովելու համար ինչ ռեսուրսներ ու գործիքներ են օգտագործելու: Այստեղ ոչ միայն համամասնական ընտրության համակարգն է վարկաբեկվելու, այլ նաև ռեյտինգավորման քվեարկության սկզբունքն է վարկաբեկվելու: Նման օրենսգրքի պարագայում վտանգի տակ է նաև պառլամենտարիզմը՝ որպես ժողովրդավարական երևույթ Հայաստանում»:

 

Տեսանյութեր

Լրահոս