ԶԼՄ-ները հայտնում են Մոսկվայում երեխային գլխատած դայակի արարքի պատճառը
Ինչպես հայտնում է LifeNews-ը, Մոսկվայում քնած 4-ամյա Նաստյա Մ-ին սպանած դայակը՝ 39-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե աղջկան որոշել է սպանել՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին:
Ներկայում ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները որոնում են կնոջ ամուսնուն, որպեսզի վերջինիս մասնակցությամբ իրականացնեն անհրաժեշտ քննչական գործողություններ:
Աղբյուրները հայտնում են, որ կինը կարող է գտնվել թմրանյութերի ազդեցության ներքո: Համենայն դեպս, այդ մասին են վկայում նրա ցրված գիտակցությունն ու զառանցանքը:
Գործը հետաքննում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
Հայտնի է, որ կինն այսօր առավոտյան եկել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:
Սպանությունից անմիջապես հետո մարդասպանն ուղևորվել է դեպի մետրոյի կայարան: Մետրոյից դուրս գալիս նրան է մոտեցել մի ոստիկան՝ խնդրելով ներկայացնել փաստաթղթերը, ի պատասխան կինը պայուսակից հանել է աղջկա գլուխն ու սկսել բղավել, որ սպանել է երեխային:
Ավելի ուշ պարզվել է, որ մարդասպանի մոտ ոչ մի պայթուցիկ սարք չի եղել: Քննիչները ենթադրում են, որ կինն անմեղսունակ է: Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: