«Վատ ավտոմեքենայի և վատ վարորդների պարագայում՝ մի սպասեք որևէ լավ բան». կառավարման փորձագետը՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին

168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը
– ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն արդեն կայացած է, նախարարական և մարզպետների պորտֆելները բաժանված են: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարելի է ակնկալել տեղի ունեցած փոփոխություններից, ի՞նչ կարող են փոխել դաշնակցական նախարարներն ու մարզպետները:

– Հայաստանի ներսում ոչ մի բան չի փոխվի, իսկ սփյուռքում փորձ է արվելու, որ սփյուռքահայության մի մասն ավելի բարյացակամ վերաբերմունք ապահովեն Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Մնացած ոլորտներում առանձնապես բան մի սպասեք:

– Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ համոզմունքը, որ այդ նախարարների և մարզպետների նոր նշանակումները չեն կարող փոփոխություններ բերել:

– Պատկերավոր ասեմ. որպեսզի մեքենան հաստատակամ գնա առաջ, պետք է և՛ լավ մեքենա, և՛ լավ վարորդ: Մեկն ու մեկը լավը չլինի՝ արդյունք չի լինի: Մեզ մոտ, դժբախտաբար, և՛ մեքենան (պետական կառավարման համակարգը) այն չէ, ոչ էլ` վարորդները, քանի որ Հայաստանում 1991 թվականից հաղթել է բացասական ընտրասերումը: Իսկ վատ ավտոմեքենայի և վատ վարորդների պարագայում՝ տեսականորեն էլ մի սպասեք որևէ լավ բան, լավը կլինի այն, եթե չվատանա:

– Այսինքն՝ ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ անգամ իրավիճակի վատթարացո՞ւմ կարելի է ակնկալել այս համագործակցությունից:

– Դա իմ խոսքերը չեն, դա կառավարում գիտության եզրակացությունն է: Այլ տարբերակ չի կարող լինել, ես երբեք իմ կարծիքը չեմ ասում, որովհետև ես իրավունք չունեմ, ես կառավարման փորձագետ եմ:

– Փաստորեն ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը միայն այդ ուժերի՞ն կտա որևէ բան:

– Հիմա, փաստորեն, ինչ տեղի ունեցավ այդ համագործակցությամբ. այն, որ դե ֆակտո և դե յուրե Հայաստանում խորհրդարանական համակարգն աշխատում է, բայց այդ ամեն ինչը հասկանում եք, չէ՞, ինչ գնով: Սա էլ մի գործոն է, առաջինը ես ասացի՝ սփյուռքի հետ կապված, երկրորդն ասացի՝ խորհրդարանական կառավարման համակարգը իրենից ենթադրում է որոշակի կոալիցիա, եթե կոալիցիաներ չկան, կիսաանիմաստ բան է ստացվում: Այսինքն՝ ֆորմալ իմաստով մարդիկ լուծում են ներկայացուցչական խնդիրը նոր Սահմանադրության:

Տեսանյութեր

Լրահոս