Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի խորհրդարանում կռիվ է ծագել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչների ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների միջև:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչներն «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին մեղադրել են նրանում, որ վերջիններս չեն ընդունում Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումը՝ բանտից ազատ արձակել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի լրագրողներ Ջան Դյունդարին ու Էրդեմ Գյուլին: Փոխադարձ մեղադրանքներն անմիջապես վերածվել են կռվի:
Հիշեցնենք, որ Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը կալանավորվել էին 2015թ. նոյեմբերին իրենց մայիսյան ռեպորտաժի հրապարակման համար, որում ասվում էր, թե Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի ջիհադիստներին գաղտնի կերպով զենք են մատակարարել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակումից անմիջապես հետո դիմել էր դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել նրանց նկատմամբ: Դեպքը, որի մասին հայտնել էին լրագրողները, տեղի է ունեցել Ադանա նահանգում 2014թ. հունվարին, երբ զինծառայողները խուզարկել էին թուրք-սիրական սահման ուղևորվող
Թուրքիայի ազգային հետախուզությանը պատկանող բեռնատարները:
Թուրքական իշխանությունների տվյալով՝ բեռնատարները տեղափոխել են «լոգիստիկական ու մարդասիրական օգնություն» սիրիացի թուրքմեններին, սակայն ԶԼՄ-ները հայտնել էին մեքենաներում գտնվող զենքի մասին, որը նախատեսված էր ԴԱԻՇ-ի համար:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նրանց դեմ մեղադրանքները խախտում են խոսքի ազատությունը: