Բաժիններ՝

Մոտակա օրերին բարձր ջերմաստիճանը կպահպանվի

Փետրվարի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 263 դեպքի, որոնցից 258-ը նկարահանվել են: ՓԾ տնօրենը հայտնեց, որ ավարտվել է փրկրարարների հերթական ատեստավորումը, որին մասնակցել է 694 փրկարար:

Ս. Ազարյանը տեղեկացրեց նաև, որ շարունակվում են աշխատանքները հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործարկման ուղղությամբ:
ՓԾ տնօրենը զեկուցեց, որ մարտի 1-ին` քաղպաշտպանության համաշխարհային օրվա առիթով Երևանում և հանրապետության բոլոր մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ, իսկ դպրոցներում կլինեն թեմայի վերաբերյալ դասախոսություններ:

Աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանը զեկուցեց, որ շուտով կավարտվեն նախարարության նոր կանոնադրության, կառուցվածքի և հաստիքացուցակների հետ կապված աշխատանքները:

Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցեց, որ սերվերային տնտեսության վերափոխման աշխատանքները մոտենում են ավարտին:

Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց, որ շարունակվում են աշխատանքները նախարարության թանգարանի ստեղծման ուղղությամբ: Մշակվել են ցուցանմուշների գրանցամատյանների կազմման եղանակները: Ա. Երիցյանի հանձնարարականով` ԱԻ նախարարության թանգարանը պետք է շահագործման հանձնվի մինչև ս/թ սեպտեմբեր ամիսը:

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հաղորդեց, որ այսօր Երևան կժամանեն Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտից 2 մասնագետ, ովքեր վաղը կմեկնեն Գառնիի երկրաֆիզիկական դիտարան: Այցի նպատակն է մասնագետների խորհրդատվությամբ Գառնիի դիտարանում ներդնել լազերային տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են ՌԴ-ում:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը զեկուցեց, որ գարնանային վարարումների վերաբերյալ կանխատեսումները կներկայացվեն ավելի վաղ քան անցյալ տարիներին: Նրա խոսքով` շարունակվում են նաև հակակարկտային միջոցառումները: Որպես առաջնահերթություն` ընտրվել են Արմավիրի և Արարատի մարզերը: Լ. Վարդանյանը ներկայացրեց նաև մոտակա օրերի եղանակի կանխատեսումը: Նրա փոխանցմամբ՝ գրանցված բարձր ջերմաստիճանը կպահպանվի:

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց համայնքների աղետի ռիսկերի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում կատարված աշխատանքների մասին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս