«Ես «Պլան Բ» չունեմ փախստականների ճգնաժամի լուծման համար». Մերկել
ԵՄ երկրները պետք է միասին գործեն միգրացիոն ճգնաժամի լուծման համար, վստահ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Իմ առաջնային պարտքն այն է, որ Եվրոպան գտնի միասնակյան ուղի»,- հայտարարել է Մերկելը երեկ ARD հեռուստաընկերության եթերում՝ Աննե Վիլի թոք-շուի ժամանակ:
Գերմանիայի կանցլերի կարծիքով՝ Մակեդոնիայի կողմից սահմանի փակումը Հունաստանի հետ անարդյունավետ է: «Դա հենց այն է, ինչից ես վախենում եմ՝ եթե մեկը սահմանի իր սահմանները, մյուսը ստիպված է տառապել: Դա իմ Եվրոպան չէ»,- ընդգծել է Մերկելը:
Նա խոստացել է Հունաստանին հավելյալ օգնություն, քանի որ «այդ երկրին մենք հիմա չենք կարող թողնել աղետի մեջ»: Մերկելը հատուկ նշանակություն է տվել մարտի 7-ին կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովին՝ Թուրքիայի մասնակցությամբ: Լրագրողի հարցին, թե արդյոք կանցլերն ունի «Պլան Բ», օրինակ՝ Գերմանիայի սահմանների փակման տեսքով, Մերկելը պատասխանել է. «Ոչ, ես չունեմ»:
Գերմանիայի կանցլերը լավատեսորեն է տրամադրված համատեղ եվրոպական որոշման նկատմամբ: Նրա կարծիքով՝ հիմա այլընտրանքների մասին մտածելու ժամանակը չէ: Նա վստահ է, որ Գերմանիայի որոշ շրջաններում փախստականների տեղակայման դեմ բողոքի ցույցերը, որոնք հաճախ վերածվում են ատելության ու բռնության դրսևորումների, չեն հանգեցնի ժողովրդավարության համար վտանգավոր իրադարձությունների զարգացման:
Սակայն, Մերկելի խոսքով, ինքը պատրաստ է քննարկումների նրանց հետ, ովքեր համաձայն չեն իր ընտրած կուրսի հետ: «Ես զբաղվում եմ քաղաքականությամբ բոլոր մարդկանց համար»,- հայտարարել է Մերկելը: