Բաժիններ՝

Գյումրիում կտեղադրվի Վարդան Աճեմյանի հուշարձանը

asparez.am. Հայ նշանավոր ռեժիսոր, թատերական գործիչ Վարդան Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրվելու է Գյումրու թատերական հրապարակում: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանի փոխանցմամբ` մրցույթի արդյունքներից, ներկայացված նախահաշիվներից հետո քաղաքապետարանը ավագանու հաստատմանը կներկայացնի պահանջվող գումարի չափը, իսկ այսօր դեռեւս անհայտ է հուշարձանի համար նախատեսված գումարի չափը:

Վերջին մեկ տարում Գյումրիում տեղադրվել է նաեւ աշուղ Սայաթ-Նովայի հուշարձանը, հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյանն է, իսկ հուշարձանի տեղադրման համար ավագանու որոշմամբ համայնքի բյուջեից 7 մլն դրամ էր հատկացվել:

Գյումրիում Վ. Աճեմյանի հուշարձանի տեղադրումը կատարվելու է մրցութային կարգով: Գյումրու քաղաքապետարանն ու ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանի նախագծի բաց մրցույթի վերաբերյալ արդեն հրապարակել են հայտարարություն: Հայտարարությունն առկա է Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Մրցույթի պահանջներից են` հուշարձանը պետք է արտահայտի հայ նշանավոր ռեժիսորի կերպարը, նրա նշանակալից ստեղծագործական ներդրումը հայ թատերական արվեստում, նրա ավանդը Գյումրու թատրոնում:

Առանձնացված հողատարածքի սահմանները նշված են թատերական հրապարակի հատակագծում, սակայն հեղինակները, ելնելով իրենց կողմից ներկայացվող հուշարձանի ճարտարապետական եւ գաղափարական հորինվածքից, նաեւ չափերից եւ ընտրված նյութից, կարող են առաջարկել նաեւ այլ հողամաս՝ հրապարակի սահմաններում: Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը եւ նյութի ընտրությունը լինելու է հեղինակի հայեցողությամբ:

Մրցութային առաջարկությունները, ըստ հայտարարության, ներկայացվելու են մինչեւ մարտի 31-ը: Իրականացվելու է հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործը: Ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկը իրականացման արժան չհամարելու դեպքում հանձնաժողովն իրավասու է լինելու հայտարարել մրցույթի 2-րդ փուլ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս