
Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթող են ճանաչվել չափավոր ուժերը

Իրանում շարունակում են հաշվել շաբաթվա վերջին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Բարեփոխիչներն ու չափավոր թեկնածուները, ինչպես վկայում են ընտրությունների նախնական արդյունքները, վճռական հաղթանակ են տարել Թեհրանում, իսկ պահպանողական տրամադրություններով ուժերը խորհրդարանում զրկվել են ձայների մեծամասնությունից:
Հասան Ռոուհանիի կողմից հանդես եկող բարեփոխիչներն ու չափավոր ուժերն ամենայն հավանականությամբ ստացել են Թեհրանում իշխանական մարմինների բոլոր՝ 30 տեղերը: Ավանդաբար, շրջաններում աջակցում են պահպանողական քաղաքական գործիչներին:
Նշվում է, որ քվեարկությունը ցույց է տվել, որ երկրում տեղի է ունեցել տեղաշարժ՝ հօգուտ չափավոր ուժերի, ինչը նոր շրջանի սկիզբ է նախանշում:
Դիտորդների խոսքով՝ նախագահ Ռոուհանիի դիրքերն ամրապնդվել են, ինչը կարող է բարեփոխիչներին թույլ տալ երկխոսությունը խորացնել Արևմուտքի հետ:
Նախնական տեղեկություններով՝ փորձագետների խորհրդում (կրոնական մարմին, որն ընտրում է երկրի հոգևոր առաջնորդին) բարեփոխիչներին ու չափավոր թեկնածուներին նույնպես հաջողվել է ամրապնդել իրենց դիրքերը:
Սա իրանցիների առաջին համընդհանուր քվեարկությունն է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելուց ի վեր: Բարեփոխումների կողմնակիցները, որոնք աջակցություն էին ցուցաբերում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին, ձևավորել էին կոալիցիա, որը կոչվում է «Հույսի ցուցակ»: Դրա նպատակն էր նվազեցնել երկու պետական մարմիններում պահպանողականների թիվը: Խորհրդարանի 290 մանդատի համար պայքարում էր 6 հազար թեկնածու, որոնց թվում կար 600 կին: