Արտեմ Ասատրյանը պահանջել է բարեկիրթ պահվածք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը փետրվարի 26-ին նախարար Արտեմ Ասատրյանին է ներկայացրել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2015թ. կատարված աշխատանքների ամփոփումը: Հանդիպմանը ներկա էին նաև գործակալության բոլոր տարածքային հանձնաժողովների նախագահները:
Արմեն Սողոյանը ներկայացնելով հաշվետու ժամանկահատվածում գործակալության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին, բացթողումներին, մատնանշել իրավիճակը բարելավող ուղիներ:
Ամփոփելով հանդիպման արդյունքները` նախարար Արտեմ Ասատրյանը 2015թ. ընթացքում կատարված աշխատանքներն ընդհանուր առմամբ դրական է գնահատել, միևնույն ժամանակ պահանջել ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիների հետ շփման մեջ էթիկայի նորմերը. «Ոլորտում առկա խնդիրների ու բացթողումների կողքին ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ քաղաքացիների հետ ձեր աշխատանքին: Բացի այն, որ դուք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում բժիշկ փորձագետ եք, դուք նաև սոցիալական աշխատող եք, ով պետք է մարդու հետ սոցիալական աշխատանք իրականացնի: Դա դժվար գործ է, քանի որ մարդուն երբեմն դժվար է բացատրել, որ օրինակ՝ քո ուզած հաշմանդամության խումբը օրենսդրությամբ չի կարող սահմանվել: Այդուհանդերձ, պահանջս մեկն է՝ որևէ մեկը իրեն իրավունք չպետք է վերապահի քաղաքացու հետ շփվելիս լինի կոպիտ կամ անտարբեր: Եթե չեք կարողանում կատարել այդ աշխատանքը, մի աշխատեք: Սա ես բազմիցս եմ ասել, այսօր մեկ անգամ ևս հորդորում և պահանջում եմ քաղաքացիների խնդիրներին մոտենալ ըմբռնումով և լինել բարեկիրթ, հատկապես, որ մենք աշխատում ենք հասարակության խոցելի խմբերի հետ: Մենք մեր գործունեության մեջ պետք է լինենք թափանցիկ և թաքցնելու բան չպետք է ունենանք: Նման մոտեցում պետք է լինի նաև յուրաքանչյուր տարածքային հանձնաժողովում, քանի որ քաղաքացու նկատմամբ ունեցած ձեր վերաբերմունքը ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանքների նկատմամբ վստահության, եզրակացությունների ու դատողությունների հիմք է հանդիսանում»,- ասել է նախարարը:
Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը բարձրացված խնդիրների վերաբերյալ հանձնարարել է խորացված վերլուծություններ իրականացնել ըստ ԲՍՓՀ-ների՝ հաշվի առնելով բոլոր գործոնները և ցուցանիշները /ըստ հիվանդությունների տեսակների, սահմանված հաշմանդամության խմբերի, կիրառված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչների/ և ներկայացնել առաջարկներ:
Կից ներկայացվում է 2015թ. ԲՍՓ գործակալության կողմից կատարված աշխատանքների ամփոփումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին