Լավրովն անվանել է Սիրիայում զինադադարի հաջողության պայմանները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգայ Լավրովը հայտարարել է, որ հարյուրտոկոսանոց երաշխիք այն մասին, որ Սիրիայում զինադադարը կիրականացվի, չկա, հայտնում է RIA Novosti-ն:
«Ոչ ոք չի կարող 100-տոկոսանոց երաշխիք տալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածության իրականացման մասին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, այն հավանության է արժանանալու այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից, սակայն դա չի նշանակում, թե այն ինքնին կիրականանա»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ համաձայնագրի իրականացման հաջողությունը կախված կլինի երկրի արտաքին սահմաններին կոշտ վերահսկողությունից, որը նաև նախատեսվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով:
Լավրովի խոսքով՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության իրականացման հաջողությունը կախված կլինի նաև համաշխարհային հանրության՝ արդեն ընդունված որոշումները կյանքի կոչելու կարողությունից, ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը՝ Սիրիա ահաբեկիչ-զինյալների հոսքի փակման մասին, նավթից ու մյուս ապրանքների մաքսանենգ առևտրից, որոնց շնորհիվ ԴԱԻՇ-ն ստանում է զգալի ֆինանսական աջակցություն:
Մեկնաբանելով Վաշինգտոնի հայտարարությունը Սիրիայում կարգավորման անհնարինության մասին առանց պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու, Լավրովն ընդգծել է, որ դրանք «ամբողջությամբ հակասում են» Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պայմանավորվածություններին:
Ինչ վերաբերում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման «պլան Բ-ին», ապա ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Մոսկվան դեմ է ԱՄՆ-ի նման «երկիմաստ» դատողություններին:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հայտարարեցին, որ համաձայնեցրել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ժամկետի ու պայմանների շուրջ համաձայնագիրը:
Պայմանավորվածության համաձայն՝ ռազմական գործողությունները դադարեցվելու են փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժ. 00:00-ին:
Դրանից հետո Սիրիայի գլխավոր ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել էին, թե հավանության են արժանացրել երկու շաբաթով կրակի դադարեցման մասին պլանը: