«Ընդդիմադիր խմբակցությունները, ԸՕ իրենց տարբերակով, պետք է դիմեն Վենետիկի հանձնաժողով». Թևան Պողոսյան
Ընդդիմադիր բոլոր խմբակցությունները պետք է քննարկումներ ծավալեն, Ընտրական օրենսգրքի հետ կապված ինչ-որ ընդհանուր ձևակերպումներ գտնեն, և դիմեն Վենետիկի հանձնաժողով՝ առաջադրված հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: 168.am-ի զրուցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Քաղաքական մեծամասնության կողմից մշակված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախնական տարբերակը, հիշեցնենք, արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ առանց քաղաքական մյուս ուժերի հետ քննարկման: Ըստ Թ. Պողոսյանի՝ այսօրվա դրությամբ ԸՕ նախնական տարբերակ կարող է կոչվել այն, ինչ կուղարկվի Ազգային ժողով, իսկ մինչ այդ ուղղակի կատարվում են «տնային աշխատանքներ»: Պատգամավորը նշեց, որ ցանկացած խմբակցություն կարող է նամակ ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու, օրինակ, անցած գումարման խորհրդարանում այդ քայլին դիմել էին ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», 2 տարի առաջ քառյակի համագործակցության ժամանակ ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն միասին դիմել էին ընտրացուցակների հրապարակման հարցով, և այլն: «Կարելի է այդ մեխանիզմն օգտագործել և չպետք է սպասել, այլ պետք է նախահարձակ լինել: Այս պարագայում, եթե կա խնդիր, որ Վենետիկի հանձնաժողովն օգտագործելու ենք՝ ինչպես վերջնական ճշմարտության հաստատող մարմին, կարելի է՝ բոլոր այն կետերի մասին, որոնք միասնական կիսում ենք, ինքներս դիմենք:
Եվ, երբ բանակցությունները և քննարկումները սկսվեն, կարող ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների սեփական տարբերակներով զինված՝ իրար հետ բանակցենք»,- ասաց Թ.Պողոսյանը՝ կարևորելով գիտակցումը, թե ԸՕ շրջանակներում ինչն ինչպես է ընկալվելու, արդյո՞ք դրանում արտահայտվելու է, թե ինչպես են ընտրություններն անցկացվելու՝ էլեկտրոնայի՞ն համակարգով, թե՞ ոչ, առանձին գլուխ պե՞տք է լինի, թե ինչպես ենք ընկալում համամասնական ցուցակի խնդիրները, ռեյտինգային համակարգ ասվածը, տեղամասային հանձնաժողովների խնդիրները, և այլն:
«Այդ մասով պետք է նստել ու քննարկել, հնարավորինս միասնական մոտեցումներ ձևավորել և օգտվել բոլոր եղած մեխանիզմներից՝ դիմել այստեղ կամ այնտեղ՝ կարծիք ստանալու համար: Միայն այն, որ Հանրապետական կուսակցությունը ներքին նախագիծ է պատրաստել ու դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ առանց քննարկելու մնացածների հետ, դա խոսում է միայն մի բանի մասին, որ ՀՀԿ-ն չի ցանկանում համագործակցել և միասնական նախագիծ մշակել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան մեր այն դիտարկման, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաթեթում առաջարկվում է մասնակի էլեկտրոնային քվեարկության տարբերակը, ըստ որի՝ առաջարկվում է գրանցման փուլում էլեկտրոնային եղանակի ներդրումը, երբ ընտրողն ընտրատեղամասում ստուգում է՝արդյոք ընտրելու իրավունք ունի՞, թե՞ ոչ, Թ.Պողոսյանը տարակուսեց. «Ի՞նչ է նշանակում՝ մասամբ էլեկտրոնային եղանակ: Եթե միայն ստուգելու են, դա նշանակում է, որ մենք ոչ թե ունենալու ենք էլեկտրոնային քվեարկություն, այլ ունենալու ենք միայն էլեկտրոնային ստուգման մեխանիզմ: Եթե առաջ մարդկանց անձնագրերով էին ստուգում, հիմա ինչ-որ համակարգչով են նայելու: Դա չի կոչվում էլեկտրոնային քվեարկություն: Էլեկտրոնային քվեարկությունն այն է, որ էլեկտրոնային տարբերակով ես քվեարկում»: