«Ն. Փաշինյանը, Ա. Արզումանյանը և Գ. Ջհանգիրյանը ողջունեցին Արման Թաթոյանին, կարծես թե նա կապ չի ունեցել Մարտի 1-ի գործերի հետ». Զ. Փոստանջյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շատ է ցավում, որ «քաղաքական հայացքների համար նախկին հետապնդվողներն այսօր իրենց հետապնդողին ողջունեցին»:
Այսօր Ազգային ժողովի բրիֆինգի ժամանակ Զ. Փոստանջյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Գագիկ Ջհանգիրյանը ողջունեցին Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանին այնպես, «կարծես թե նա կապ չի ունեցել Մարտի 1-ի գործերի հետ»:
Զ. Փոստանջյանի խոսքով՝ մինչև վերջ պետք է պայքարը տանել և հասնել համակարգի փոփոխության. «Ոչ թե ժամանակը անցնի՝ դու էլ փոխվես և դառնաս այդ ճնշող համակարգի մի մասը: Փորձում էին մոլորեցնել հանրությանը: Եթե դու շարունակում ես նույն քաղաքականությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իշխանություններին ես ներկայացնում, ապա, անկախ նրանից, թե այդ փաստաթուղթը դու չես ուղարկել՝ դու նույն քաղաքականությունն ես սպասարկում»:
Զ. Փոստանջյանին չի բավարարում նաև Արման Թաթոյանի առաջին գործը՝ Վարդգես Գասպարիի հետ կապված ուսումնասիրություն կատարելը, և օմբուդսմենի հայտարարությունը:
Հարցին, թե ի՞նչ պետք է աներ Ա. Թաթոյանը, որ չի արել, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ օմբուդսմենն անձամբ ինքը պետք է գնար Վ. Գասպարիին այցելության.
«Եթե ստանձնում ես մի պաշտոն, և կա ահազանք քրեակատարողական հիմնարկում կտտանքների վերաբերյալ, առաջին քո քայլը դա պետք է լիներ, այլ ոչ թե՝ քո աշխատակիցներին ուղարկելը»: