«Պերմյակովը ձերբակալման պահին վախեցած էր»
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում` Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով փետրվարի 26-ի դատական նիստին մանրամասներ ներկայացրեց սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա պատմեց, որ կրտսեր սերժանտ Վալերի Պերմյակովի` 102-րդ ռազմաբազան զենքով լքելու մասին իրեն տեղեկացրել է բազայի հրամանատարը` խնդրելով տրամադրել հետախուզական շուն: Տրամադրվել է լավագույն շունը, հետախուզական աշխատանքներն սկսվել են ռազմաբազայից եւ հասել այն տունը որտեղ հայտնաբերվել է «18 հետքից ոչ պակաս»:
Գործն ավարտված համարելով սահմանապահները մեկնել են սահմանապահ ջոկատ, ավելի ուշ` գիշերը 12-ի սահմաներում ուղեկալից Մերզլիկինին զանգահարել է սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանը և տեղեկացել է, որ հայ-թուրքական սահմանի մոտ հայտնաբերվել է մեկը, ով լապտերը վառած մոտեցել է իրեն: Մերզլիկինը հրամայել է Խաչատրյանին քողարկվել, որպեսզի Պերմյակովը մոտենա ազդանշանային համակարգին և անմիջապես ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր:
Մինչ իր տեղ հասնելը, Պերմյակովը, ով եղել է քաղացիական հագուստով արդեն եղել է ձերբակալված, և քանի որ նրա մոտ չի հայտնաբերվել փաստաթղթեր ու եղել է քաղաքացիական հագուստով, ըստ գործող կարգի, տարել են սահմանապահ ջոկատ` Մերզլիկինի աշխատասենյակ` ինքնության ճանաչման համար:
Այնտեղ հստակեցնելով նրա ինքնությունը` սահմանապահ ջոկատը Պերմյակովին հանձնել է բազայի հրամանատարին, նրան են հանձնվել նաև Պերմյակովի մոտ հայտնաբերված իրերը:
Փաստաբանների այն հարցին, թե ինչու են հանձնել ռուսական կողմին, Մերզլիկինը պատասխանեց, որ, ըստ գործող կարգի, իրենք փնտրել են դասալիքի, որի մասին տեղեկություն ստացվել է հենց ռազմաբազայից և դասալիքի ինքնությունը պարզելու նպատակով է, որ նրան տարել են նախ սահմանապահ ջոկատ, ապա հանձնել 102-րդ ռազմաբազա:
Փաստաբանների այն հարցին, թե ինչու է որոնողական աշխատանքներն իրականցնելիս սահմանապահ ջոկատը գործել մենակ, Մերզլիկինը նշեց, որ նա այդ օրը Շիրակ մարզադաշտի մոտ տեսել է բազայի հրամանատարին և շտաբի պետին, ովքեր ասել, են, որ իրենք հայ իրավապահներին տեղեկացրել են, որ կա դասալիք և նա փնտրվում է: «Տեղեկացնելը ռազմաբազայի գործն էր: Մենք իրականացնում էինք որոնողական աշխատանքներ: Մենք հայ ոստիկանների հետ որևէ խնդիր չենք ունեցել, նրանք էլ շատ պրոֆեսիոնալ են գործել: Եթե այս անձը ձերբակալվել է գիշերը և չկա փաստաթուղթ ինքնությունը նշող, այդ դեպքում մենք պարտավոր էինք նախ ճշտել նրա ինքնությունը: Ճիշտ է` ես լրատվամիջոցներով լսել էի, որ Գյումրիում տեղի էր ունեցել սպանություն, բայց պաշտոնապես մեզ հրահանգ էր եղել փնտրել դասալիքի»,- ասաց Մերզլիկինը:
Այդուհանդերձ, նա նշեց, որ ինքնությունը ճշտելու ժամանակ հայ իրավապահները ներկա են եղել և նրանք ազատ էին կատարելու ցանկացած գործողություն, օրինակ` ձերբակալում: «Պերմյակովը ձերբակալման պահին վախեցած էր, սակայն հասկանում էր, որ ձերբակալվում է: Հարցին, թե որտեղ է զենքը, նա պատասխանել է, որ պահել է»,-պատմեց Մերզլիկինը:
Դատախազը հետաքրքրվեց, թե ինչու է վկան ցուցմունքներից մեկում նշում, թե Պերմյակովը ձերբակալման պահին ասել է, որ անցնում էր Թուրքիա, իսկ մյուս անգամ նշել է. «այն կողմ», վկան պատասխանեց, որ հավանաբար ասել է «այն կողմ», ինքը հասկացել է` Թուրքիա կամ գուցե ասել է` Թուրքիա:
Նիստն սկսվել է 20 րոպե ուշացումով: Հարցաքննվել է նաև սահմանապահ ուղեկալի վարորդ Արա Աթոյանը: