Բաժիններ՝

«Վարդգես Գասպարին երկու ժամ մնացել է միջանցքում պառկած, և ոչ ոք նրան չի մոտեցել». Զարուհի Փոստանջյանը հանդիպել և զրուցել է Վարդգես Գասպարիի հետ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում բրիֆինգի ժամանակ հայտնեց, որ եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հանդիպել ու զրուցել է Վարդգես Գասպարիի հետ:

Նա տեղեկացրեց, որ Վ. Գասպարին Գևորգ Սաֆարյանի հետ նույն խցում է, իսկ Հայկ Կյուրեղյանը, որի հետ պատգամավորը նույնպես հանդիպել է, առանձին խցում է: Զ. Փոստանջյանի գնահատմամբ՝ Վարդգես Գասպարիի քրեական գործն ապօրինի է.

«Սա ահազանգ է բոլորիս համար: Նման հետապնդում յուրաքանչյուր անձի նկատմամբ հնարավոր է իրականացվի: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է միայն նրա համար, որ իբր թե նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ: Սակայն չպետք է մոռանալ, որ դատական համակարգը վերից վար կոռումպացված համակարգ է, և դա նշանակում է, որ ապրում ենք դժոխքում: Տեսնենք՝ արդար որոշում կլինի՞, թե՞ ոչ դատարանի կողմից»:

Նա պատմեց, որ Վ. Գասպարին ասել է, որ բռնություններ են եղել խցում իր նկատմամբ. նա երկու ժամ մնացել է միջանցքում պառկած, և ոչ ոք նրան չի մոտեցել: Պատգամավորի խոսքով՝ պետք է Վ. Գասպարիի նկատմամբ խոշտանգումների փաստի առնչությամբ վարույթ հարուցվի, ու պատժվեն մեղավորները. «Մենք պետք է այս բռնաճնշումները կանխենք, որ ապագայում նմանատիպ փաստերի առաջ չկանգնենք»:

Զ. Փոստանջյանի խոսքով՝ Վարդգես Գասպարիին հոգեբուժարան տեղափոխելու վերաբերյալ քննիչի միջնորդության համար պետք է լինեին հիմքեր, սակայն, ըստ պատգամավորի, քննիչն ինքնակամ է որոշում կայացրել.

«Փաստաբանների միջամտությամբ դա կանխվել է: Նրանք մասնագիտացված քննիչներ են, որ գիտեն՝ ինչպես տանեն այդ քաղաքական հետապնդումները: Այդ քննիչը նաև Գևորգ Սաֆարյանի քննիչն է: Մեր արդարադատության ոլորտում ամեն ինչ արվում է՝ թելադրանքի, այլ ոչ թե՝ իրավական տեսանկյունից»:

Զ. Փոստանջյանը կարծում է՝ եթե ԱԱԾ-ի կողմից չեն կարողանում կոտրել, նվաստացնել մարդուն, ապա նրան տեղափոխում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ «պրոֆեսիոնալներ» են աշխատում.

«Այնտեղ կարող են Վարդգես Գասպարիի նման կրթական բարձր ցենզ ունեցող ու իր իրավունքների համար պայքարող մարդուն տեղավորել 27 հոգանոց մի խցում, որտեղ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք են, որտեղ ո՛չ տարիքային խումբն է համապատասխանում, ո՛չ էլ կրթական ցենզը: Այդտեղ նաև այնպիսի դաժան պայմաններ են, որ չես զգում ժամանակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս