ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
2016 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ը Ազատության հրապարակում իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետը կիրառել է ժամային սահմանափակում: Մասնավորապես` ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել:
Երևանի քաղաքապետի որոշումներում արտահայտված դիրքորոշումների օրինականությունը ստուգված է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0791/05/16 վարչական գործով ընդունված և ուժի մեջ մտած դատական ակտով:
Ոստիկանությունն արդեն իսկ հայտարարել է, որ գիշերվա ժամերին հավաքի անցկացման վայրերում արձանագրվել են իրավախախտումների դեպքեր, այդ թվում` անչափահասների մասնակցությամբ: Բացի այդ, գիշերվա ժամերին իրազեկումների մեջ նշված շուրջ 2000 անձանց մասնակցությամբ հավաքների անցկացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու ապահովել «Հավաքների ազատության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը:
Մեր քաղաքացիներին խնդրում ենք հարգանքով վերաբերվել վարչական ու դատական ակտերի պահանջներին, անտարբեր մնալ անհնազանդություն ցուցաբերելու` կոնկրետ անձանցից հնչող կոչերին: Հիշեցնում ենք, որ նման կոչերն օրինականությունը խախտելու քարոզչության դրսևորումներ են, և ունենալու են իրավական հետևանքներ:
Ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում ապահովելու է Երևանի քաղաքապետի` ի գիտություն ընդունված որոշման պայմաններով մեր քաղաքացիների` կարծիք արտահայտելու իրավունքի իրացումը:
Միաժամանակ՝ իրավախախտումների յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունն արձագանքելու է դրանց հանրորեն վտանգավորության բնույթին համաչափ, այդ թվում` հարկադրանքի կազմակերպված գործադրմամբ: