«Եթե համագործակցության պաշտոնական առաջարկ լինի, ԲՀԿ-ն կքննարկի». Վահե Էնֆիաջյան

«Եթե հիմնարար կոնվենցիաների մոտեցումներով առաջնորդվենք, ապա պետք է ասենք, որ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան Հայաստանում»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նա, այնուամենայնիվ, նշեց, որ զերծ կմնա գնահատականներից՝ մոտեցումները տարբեր կարող են լինել. «ԲՀԿ-ական պատգամավոր էլինար Վարդանյանը ստորագրահավաք է կազմակերպել Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու պահանջով, միջնորդություն է ներկայացվել, և մենք համակարծիք ենք նրա հետ»:

Խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին՝ Վ. Էնֆիաջյանը նշեց, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրում գրանցված գաղափարներին ու ծրագրերին միմիայն մնում է հաջողություն մաղթել, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա, թե որքանով կհաջողվի իրականացնել այդ ծրագրերը:

Հարցին, թե նման համագործակցության առաջարկ ԲՀԿ-ն ստացե՞լ է, և արդյո՞ք ստանալու դեպքում կընդունի, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց.

«ԲՀԿ-ին առաջարկությունների առումով տարաբնույթ կարծիքներ են եղել, բայց չկա պաշտոնական առաջարկ: Եթե պաշտոնական առաջարկ լինի, ԲՀԿ-ն կքննարկի և համապատասխան քննարկումից հետո հանդես կգա հայտարարությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս