
Գողություն բեռնատար ավտոմեքենաներից. բացահայտվել է 4 դրվագ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բեռնատար ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Շենգավիթ վարչական շրջանի տարբեր հասցեներում կայանված 4 տարբեր բեռնատար ավտոմեքենաներից կատարված գողություններն իրականացվել են նույն անձի՝ Շենգավիթ վարչական շրջանի 33-ամյա բնակչի կողմից։
Տղամարդը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է բեռնատար ավտոմեքենաների դռները և մեքենաների սրահներից հափշտակել տարբեր առարկաներ, կանխիկ գումար։
Ձեռք բերված ապացուցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն՝ 3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ուրիշի գույքի խոշոր չափերով գաղտնի հափշտակություն):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: