«Մհեր Սեդրակյանի շրջապատը բավականին մեծ է, ընկերական շրջապատ՝ չի նշանակում՝ թիմակից». Վահրամ Բաղդասարյան
«Բազմիցս նշել ենք, որ սա երկարատև համագործակցության համաձայնագիր է, կարծում ենք դեռ պետք չէ քաղել պտուղները, պետք է հասունացնել, աստիճանաբար այդ պտուղները հանրությունը կտեսնի»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ կարելի է տեսնել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության դրական պտուղները:
Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում լուսավոր Հայաստան է ներկայացնում, ի՞նչ է փոխվել այս ընթացքում, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց.
«Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր երևույթի հետ կապված անմիջապես մենք ցանկանում ենք, որ առավոտյան ամեն ինչ փոխված լինի, հարկավոր է համբերել, ու քաղաքական զարգացումների ընթացքում դուք ականատես կլինեք բոլոր փոփոխություններին, որոնք կային այդ ելույթի մեջ»:
Հարցին՝ ՀՀԿ-ական պաշտոնյաները՝ նախարարները, որոնք իրենց տեղը զիջեցին ՀՅԴ-ի ներկայացուցիչներին, որևէ պաշտոն կստանա՞ն, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել, բայց նրանք բոլորը, հնարավոր է, առաջիկայում առաջարկներ ստանան, քանի որ բոլորն էլ «կարող» մարդիկ են:
Հարցին՝ ինչո՞ւ 6 տարի կորցրեց ՀՅԴ-ն, եթե այդքան մեծ ցանկություն ունեին համագործակցել իշխանությունների հետ, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց.
«ՀՅԴ-ն միշտ բարձրաձայնել է ընդհանուր խնդիրների մասին, ու ՀՅԴ-ի համար ամենապատեհ պահը հիմա էր, քանի որ իրենք անընդհատ խոսում էին սահմանադրական փոփոխությունների մասին ու խորհրդարանական համակարգի մասին, դրա համար հենց հիմա էր ճիշտ պահը: Դա ոչ միայն վեց, այլև մեկ տարի առաջ վաղաժամ կլիներ»:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն իր ծավալուն ելույթում ասում էր՝ պետք չէ մամուլով միմյանց դեմ պատվերներ տալ, իրար հետ հարցերը մամուլի միջոցով լուծել, բայց վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ականները չեն անսացել նրա հորդորին, Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց.
«Դա Մհեր Սեդրակյանի կարծիքն է, բոլորիդ անհանգստությունը կարող եմ փարատել, Մհեր Սեդրակյանի շրջապատը բավականին մեծ է, ընկերական շրջապատ՝ չի նշանակում՝ թիմակից: ՀՀԿ-ն միասնական է»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ Մ. Սեդրակյանն ասել էր.
«Եթե իշխանական կայքերն են միացել, դա արդեն չի՞ ասում, որ մեր միջից մարդ կա… ով էլ կազմակերպում է՝ ամոթ իրեն, չի կարելի համ ընկերություն անել, համ ընկերոջը թիկունքից խփել»:
Նա հրաժարվել էր հստակեցնել, թե իշխանական շրջանակներից ում է կոնկրետ կասկածում լրագրողներին իր դեմ տրամադրելու գործում: