
ԱՄՆ-ը բալիստիկ հրթիռի փորձարկում կանցկացնի

Ամերիկացի զինվորականները մոտ ժամանակներս մտադիր են իրականացնել միջմայրցամաքային բալիստիկ Minuteman 3 հրթիռի գործարկում, որը չի ունենա մարտական լիցք, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքին:
Նրա տվյալով՝ փորձարկումը տեղի կունենա այս գիշեր Վանդենբերգ ռազմաօդային բազայում, որը գտնվում է Լոս Անջելեսից հյուսիս-արևմուտք գտնվող ափամերձ հատվածում:
Ուորքը պնդում է, որ այդ փորձարկումները կդառնան ԱՄՆ-ի միջուկային սպառազինության ցուցադրությունը, որն արվում է առաջին հերթին Ռուսաստանի, Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի համար:
«Ե´վ մենք, և´ ռուսները, և´ չինացիները մշտապես անցկացնում ենք թեսթային գործարկումներ՝ նպատակ ունենալով ապացուցել, որ մեր տրամադրության տակ գտնվող հրթիռներն անխափան են գործում: Ու դա նախազգուշացում է այն մասին, որ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում կիրառել միջուկային զենք մեր երկրի պաշտպանության համար»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ հրթիռը պետք է խոցի պայմանական թիրախը, որը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի Մարշալյան կղզիների շրջանում: