Բաժիններ՝

«Պապայիս եմ ուզում». 4 երեխաները մնացել են առանց ծնողների խնամքի. panorama.am

panorama.am. «Դրան մի ասեք մամա, էլի»,-այսպես է 17-ամյա Տաթևիկը պատասխանում մոր մասին հարցերին:

Տաթևիկին մայրը լքել է, երբ երեխան վեց ամսական էր, քույրն ու զույգ եղբայրները` համեմատաբար մեծ: Կինն ասել է` ծանր երազ էր ամուսնությունը և լքել մանկահասակ երեխաներին ու ամունուն, նախընտրել կյանքը` ազատ ու առանց կապանքների:
Վեց ամսականից հոր գրկում, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի ծայրամասի փոքրիկ տնակում, նրա խնամքի տակ մեծացած, նրա հոգատարությամբ ապրող դեռատի աղջնակը երկու ամիս է՝ քնում-արթնանում է առանց հոր: Ասում է՝ էլ չի կարողանում, գիշերներն անքուն է լուսացնում, ամեն շշուկից վեր է թռչում, փնտրում իր պաշտպանին: Բայց նա չկա:

«Կանչում եմ պապա, բայց պապաս չի գալիս»,-արցունքն աչքերին ասում է աղջիկը:

Նա հուզական ծանր վիճակում դպրոց չի հաճախում, ասում է՝ չի կարողանում կարդալ, գրել. «Պապաս ստեղ չի, չեմ կարում ոչ մի բան անեմ»:

Մի քանի ամիս դատավարությունից հետո Դավիթ Մնացականյանին դեկտեմբերին կալանավորել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, երբ դատավոր Վահե Խալաթյանը մեղադրական դատավճիռ է կայացրել՝ դատապարտելով չորս տարի ազատազրկման:

Իրավապահների թիրախում հայտնվելու պատճառը եղել է համագյուղացի Դավիթ Հազրոյանի հետ վիճաբանությունը, որն ավարտվել է Հազրոյանին ուղղված դանակի հարվածով. արդյունքում վերջինը վնասվածք է ստացել որովայնի հատվածում: ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը» Մնացականյանը սկզբում՝ նախորդ տարվա մայիսին ձերբակալվում է, սակայն գործով հսկողություն իրականացնող դատախազ Սահակյանի որոշմամբ կալանավորման մասին որոշումը փոխվում է և ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Տուժող Դավիթ Հազրոյանը, ի դեպ Ռուսաստանում է, դատի օրերին դատարան չի ներկայացել, միջնորդել է գործը քննել իր բացակայությամբ, հայտնել է, որ Մնացականյանից նյութական պահանջ չունի, նրա դեմ չի բողոքում, և խնդրում է մեղմ վերաբերվել նրան:

Մնացականյանների միակ հույսը Վերաքննիչ դատարանն է, որտեղ բողոքարկվել է Դավիթ Մնացականյանի գործով կայացրած դատավճիռը:

Դատավոր Վահե Խալաթյանի դատավճիռը խիստ ծանր պայմաններում ապրող ընտանիքի անդամների համար անակնկալ էր: Այստեղ միակ կերակրողը երեխաների հայրն էր: Երկվորյակ տղաներից միայն մեկը՝ Մնացականը կամ ինչպես մտերիմներն են ասում՝ Մնացը մեկնել է բանակ՝ զինվորական ծառայության, մյուս եղբայրը՝ Մանասը, մնացել է տանը՝ անչափահաս քրոջը՝ Տաթևիկին և ավագ քրոջը՝ 20-ամյա Սաթենիկին խնամելու համար: Երիտասարդն ամեն առավոտ, լույսը բացվելուն պես, գնում է դաշտեր՝ ծառերից կտրված չոր ճյուղեր բերելու, քույրերի համար ձմռանը ջերմություն ապահովելու համար:

Բայց ջերմություն այս տանը չկա. դռան, պատուհանների անցքերից փչող քամին նրանց մշտական ուղեկիցն է: Երկաթե ժանգոտած վառարանն էլ է կարծես երեխաների դեմ՝ փորձում են վառել, տաքանալ, բայց մի քանի րոպե հետո տարածքը պատվում է ծխով. խողովակներն են մաշված, իսկ խմորե կարկատաններն էլ չեն օգնում:

«Դոմիկը», որտեղ ապրում են փոքր Մնացականյանները, արդեն քսան տարեկան է և վաղուց շահագործման պիտանի չէ: Հատակին փոսեր են առաջացել, որտեղ առանց խոչընդոտների քայլելը դժվար է ստացվում, պատերին տեղ-տեղ մնացած գունավոր պաստառները վաղուց խամրել են, կորցրել նախկին գույները, իսկ պատուհանները փակող թափանցիկ վարագույրները՝ պատվել սևով. վառարանի ծխի հետևանքն է:

Տան մի անկյունում հնամյա պահարան է, որի համար որպես ոտք ծառայում են քարերը, իսկ մյուս անկյունը չի երևում, հյուրասենյակից բաժանված է վարագույրով՝ դարձյալ սևասպիտակավուն, կարկատաններով: Երկու աղջիկների համար մահճակալը մեկն է: Պատմում են` եղբայրը հատակին է քնում՝ քամու հոսանքի տակ:

«Յոլա ենք գնում», – ասում է Տաթևիկը ու հավելում, որ բարի մարդկանց ողորմածությամբ են ապրում:
Աղջիկներն ասում են՝ իրենց համար սոցիալական ծանր պայմանները տանելի կլինեն, եթե հայրը իրենց կողքին լինի:

«Մենք հոգեպես ու ֆիզիկապես շատ ենք տանջվում առանց պապայի, ինքը մեր համար համ հեր ա եղել, համ մեր, չենք կարում առանց իրա», -ասում է ընտանիքի ավագ աղջիկը՝ Սաթենիկը:

 


Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս