«Եթե այդքան շատ ուզեին կոալիցիա ցանկացողները, ի վերջո, այդ կոալիցիան կկայանար». Վահե Էնֆիաջյան
«Մենք նման խնդիր չունենք, մեր որդեգրած սկզբունքներից մենք այն կողմ չենք գնալու, ով համահունչ է համարում իր գործունեության հետ մեր գործունեությունը, բնականաբար, շարունակում է աշխատանքները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նա նշեց, որ առհասարակ կարծիք հայտնելու առումով իրենք խնդիր չունեն, կուսակցությունում կարող են նաև մարդիկ լինել, որոնք այլ տեսակետ ունեն:
Հարցին՝ Ձեր և Վահան Բաբայանի սկզբունքները տարբերվո՞ւմ էին՝ քաղաքական գծի հետ կապված, Վ. Էնֆիաջյանն այսպես պատասխանեց. «Այո: Հրաժարականի հետ կապված՝ ինքը խոսել է, ավելացնելու բան չունենք»:
Ի պատասխան հարցին՝ Դուք հավանական համարո՞ւմ եք, որ առաջիկա խորհրդարանում տեղ կունենաք՝ հաշվի առնելով այս արտահոսքը, Վ. Էնֆիաջյանը նախ՝ նշեց, որ արտահոսք չկա. «Մենք շատ կուռ կառույց ունենք, մենք մեր ներքին աշխատանքների հիմքում դրել ենք արդյունավետությունը, և մեր գաղափարներն ամրագրված են մեր ծրագրերում, ու այդպես շարժվում ենք առաջ»:
Հարցին էլ՝ երեկ Վահան Բաբայանն ասաց, որ ինքը կողմ է կոալիցիային, շա՞տ են նման կարծիք կիսողները ԲՀԿ-ում, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց. «Եթե այդքան շատ ուզեին կոալիցիա ցանկացողները, ի վերջո, այդ կոալիցիան կկայանար»: