
Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքների ցանկում

Միջազգային խորհրդատվական Mercer ընկերությունը Երևանը ներառել է կյանքի որակով աշխարհի ամենահարմարավետ քաղաքների ցանկում: 230 քաղաքների շարքում Երևանը զբաղեցրել է 182-րդ հորիզոնականը: Առաջատարներն են Վիեննան (Ավստրիա), Ցյուրիխը (Շվեյցարիա), Օկլենդը (Նոր Զելանդիա), Մյունխենը (Գերմանիա), Վանկուվերը (Կանադա), Դյուսելդորֆը (Գերմանիա), Ֆրանկֆուրտը (Գերմանիա), Ժնևը (Շվեյցարիա), Կոպենհագենը (Դանիա) և Սիդնեյը (Ավստրալիա):
Հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին 188-րդ հորիզոնականում է, Բաքուն՝ 197-րդ, Թեհրանը՝ 203-րդ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարան ցուցակում չի ներառվել, իսկ Ստամբուլը 122-րդն է: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան 167-րդն է, իսկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը՝ 51-րդը: 230-րդ հորիզոնականում Իրաքի մայրաքաղաք Բաղդադն է:
Արդեն 18 տարի Mercer-ը նման վարկանիշային աղյուսակներ է կազմում՝ իբրև չափանիշ ընտրելով առողջապահությունը, կրթությունը, հանցագործության մակարդակը, քաղաքական կայունությունը, տրանսպորտը, էկոլոգիան և այլն: