«Վստահ ենք, որ ՀՀ իշխանությունները կհասկանան մեր հանձնարարականները». Թորբյորն Յագլանդ

Եվրոպայի խորհուրդը հորդորում է Հայաստանին քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ: Հայաստանի վերաբերյալ այսօր հրապարակված զեկույցում Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) նշում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարևոր խնդիրներից, չնայած նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:

Զեկույցի հեղինակներն իրականացրել են պատգամավորների, դատավորների, դատախազների շրջանում առկա կոռուպցիայի մոնիտորինգ՝ անդրադառնալով էթիկայի սկզբունքներին և վարքագծի կանոններին, շահերի բախմանը, որոշակի գործունեությունների արգելմանը կամ սահմանափակմանը, գույքի, եկամուտների, պատասխանատվության և շահերի հայտարարագրմանը, շահերի բախման վերաբերյալ կանոնների կիրառմանը և իրազեկությանը:

«Պետք է հանձն առնել բարեփոխումների բազմակողմանի և համապարփակ գործընթաց՝ Հայաստանում պետական լիազորությունների եւ պետական կառավարման ներկա համակարգի հետ կապված մտահոգող հարցերը լուծելու նպատակով,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, -Պետք է ձգտել բարեփոխումների վճռականորեն և առանց հապաղելու: Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է: Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին այս գործընթացում, և վստահ ենք, որ իշխանությունները կհասկանան մեր հանձնարարականները»:

Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը մասնավորապես խորհուրդ է տալիս բարեփոխել պատգամավորների, դատավորների և դատախազների կողմից նվերների ընդունման, գույքի հայտարարագրերի ներկայացնելու, դրանց վերահսկման և կիրարկման կարգերը։ Խորհրդարանական գործընթացերի թափանցիկության հետագա բարելավումը, պատգամավորների վարքի նորմերի ընդունումը, պատգամավորների կողմից բիզնես գործունեության սահմանափակումների շրջանցումը կանխելը եւս հանձնարարականների թվում են:

Դատավորների և դատախազների (ներառյալ Գլխավոր դատախազի)նշանակման, առաջխաղացման եւ պաշտոնանկության գործող ընթացակարգերում, ինչպես նաև կարգապահական ընթացակարգերում պետք կատարվեն լրացումներ: Պետք է հետամուտ լինել շրջահայաց քաղաքականության՝ դատավորների և դատախազների վրա անտեղի ազդեցությունը կանխելու, ինչպես նաև շահերի բախումը և դատական մարմինների համակարգում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ:

Մինչև 2017 թվականի ապրիլը Հայաստանի իշխանությունները պետք է զեկույց ներկայացնեն այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են զեկույցում առկա 18 հանձնարարականները իրականացնելու ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը իր հերթին 2017 թվականի երկրորդ կեսին զեկույց կներկայացնի, որտեղ գնահատականներ կտրվեն այդ քայլերի արդյունավետության վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս