
Իրանում այսօր «լռության օր» է. վաղը երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Այսօր Իրանում «լռության օր» է, որտեղ վաղը՝ փետրվարի 26-ին, կանցկացվեն մեջլիսի ընտրություններ: Խորհրդարանի 290 մանդատի համար կպայքարի 6 հազար թեկնածու, որոնց թվում կա 600 կին, հայտնում է Euronews-ը:
Պայքարը կծավալվի քաղաքական գործիչների իսլամական սկզբունքների խիստ հետևորդ պահպանողականների կողմնակիցների և չափավոր ու բարեփոխիչ կուսակցությունների ու քաղաքական գործիչների միավորման միջև:
Ընտրություններին ակնկալվում է մասնակցության բարձր տոկոս:
«Բնականաբար, ինձ համար կարևոր ընտրություններ են՝ դրանց արդյունքները կորոշեն իմ երկրի ապագան հաջորդ 4 տարում: Հուսով եմ՝ արդյունքները կլինեն լավ՝ բարեփոխիչները կկարողանան փոխարինել պահպանողականներին ու ստեղծել պետության համար լավագույն վիճակ»,- ասում է ուսանողուհիներից մեկը:
Բարեփոխիչներն աջակցում են երկրի նախագահ Հասան Ռոուհանիի քաղաքականությանը, հավանության են արժանացնում միջուկային գործարքն ու ողջունում են ներդրումների ներգրավումը: Պահպանողականները քննադատում են երկրի նախագահի քաղաքականությունն ու նախարարների կաբինետը:
Մեջլիսի ընտրությունների հետ միասին կանցկացվեն նաև փորձագետների խորհրդի ընտրություններ: Դրա հիմնական խնդիրն է ընտրել Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին ու ցմահ ղեկավարին: