Յակուտիայում գրեթե 1,5 կիլոգրամ արծաթ են հավաքել դի Կապրիոյի «Օսկարի» համար
Յակուտիայում ավարտվել է արծաթի եւ ոսկու հավաքումը հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյին ժողովրդական արձանիկ հանձնելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ծրագրի կազմակերպիչ Տատյանա Եգորովան:
«Ընդամենը հավաքվել է 1 կիլոգրամ 386 գրամ արծաթ եւ 3,49 գրամ ոսկի: Մենք օգտագործել ենք կտորավոր ձուլման սխեման: Ուստի արձանիկը պատրաստ կլինի արդեն օրերս»,- ասել է Եգորովան:
Նրա խոսքով՝ ակցիային մասնակցել են դերասանի 144 երկրպագուներ Յակուտսկից եւ հանրապետության այլ շրջաններից:
«Բացի դրանից, մենք անցկացրել ենք ժողովրդական արձանիկի անվանման մրցույթ: Նախնական տարբերակն է «Աստղերի հետ խոսողը»,- նշել է Եգորովան:
Ներկայում կազմակերպիչները որոշում են Յակուտսկից ժողովրդական մրցանակը դերասանին հասցնելու հարցը: Պոտենցիալ փոխադրողների թվում Է ԱՄՆ-ի «20-րդ դար Ֆոքս» կինոընկերությունը: Նաեւ երկրպագուները պաշտոնական նամակ են հղել դի Կապրիոյի հիմնադրամ՝ պարգեւը հանձնելու հարցում օգնելու խնդրանքով:
Լեոնարդո դի Կապրիոն առաժմ «Օսկար» չունի, թեեւ արդեն մի քանի անգամ առաջադրվել է այդ հեղինակավոր կինոմրցանակի շնորհման: