33-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Նորամարգում փետրվարի 22-ին հայտնաբերված այրված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները։
Տուժողը հանդիսանում է Ջրաշեն գյուղին բնակիչ Գ.Արզունյանը, 33 տարեկան։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. փետրվարի 11-ին տուժողը համագյուղացի երիտասարդի հետ այցելել է Արարատի մարզի 46-ամյա մի բնակչի։ Միասին հաց են կերել, օղի խմել, որի ընթացքում առաջացել է վիճաբանություն՝ հայհոյելու պատճառով։
Առերևույթ հանցագործություն կատարած անձը վառարանի մոտ դրված փայտով հարվածել է Գ.Արզունյանի գլխին և սպանել նրան, որից հետո, ըստ նախնական տվյալների, վերջինիս դիակը փաթաթել են գորգով, ավտոմեքենայով տեղափոխել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող ջրատարի մոտ և այրել:
46-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով։ Պարզվել է նաև այն երիտասարդի ինքնությունը, ում ուղեկցությամբ տուժողը դեպքի օրն այցելել է 46-ամյա տղամարդուն, ով բերման է ենթարկվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քրեական գործով այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: