Բաժիններ՝

«Մարդուն հոգեբուժարան տանելը հուշում է խորհրդային տարիների «լավագույն» ավանդույթները». Էդմոն Մարուքյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ մամուլում լուրեր կան, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին վատ վիճակում է գտնվում: Ըստ նրա՝ սա այն դեպքն է, որ Գասպարիին կալանավորելու դատարանի որոշումը անհիմն է և անօրինական և մեր երկրին որևէ կերպ պատիվ չի բերում:

«Նման դեպքերում մարդուն հոգեբուժարան տանելը և հոգեկան վիճակը ստուգելը հուշում է խորհրդային տարիների «լավագույն» ավանդույթները: Ես հույս ունեմ, որ կառավարության անդամները եւ վարչապետը միջոցներ կձեռնարկեն, որ Գասպարին ազատ արձակվի»,-ասաց Է.Մարուքյանը: «Ժառանգության» պատագմավոր Զարուհի Փոստանջյանը մեջբերեց ՄԻՊ զեկույցից՝ դատական համակարգի կոռումպացվածության մասին, որ առաջին ատյանում կաշառքի չափը 500-10000 դոլար է, վերաքննիչ դատարանում՝ 2000-15000 դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10000-50000 դոլար: Նա հայտարարեց, որ Հայաստանի լավագույն մարդկանցից մեկին՝ Վարդգես Գասպարինն, այսօր առավոտյան տարել են հոգեբուժարան՝ փորձաքննության, սակայն փորձաքննություն տեղի չի ունեցել և նրան տեղափոխել են բանտախուց:

«Փաստաբանները հայտարարում են, որ նրա նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում և նրան ծեծում են: Հիմա դուք պատկերացրեք՝ տեղի է ունեցել կալանավորման որոշում, որ իրավաչափ չէ, եթե կա պատիժ մինչև 3 ամիս, ապա տվյալ դեպքում նույնիսկ կարիք չկա կալանավորել, էլ չեմ ասում, որ կալանավորում են, դեռ ավելին՝ խոշտանգում են իրականացնում: Հիմա դուք, կառավարության հարգելի´ անդամներ, ոչ մեկդ երաշխավորված չեք այսպիսի վարքագծից:

Ես ձեզ ուղակի հորդորում եմ, որպեսզի գնաք կալանավայր և տեսնեք, թե ինչ է կատարվում այնտեղ և գործուն միջոցներ ձեռնարակեք, որ Վարդգես Գասպարիին անհապաղ ազատ արձակեն»,- պահանջեց Զ.Փոստանջյանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ բարձրաձայնված խնդիրները գործադիր իշխանությանը վերաբերում են պահման պայմանների մասով և, իր ունեցած տեղեկություններով, ձերբակալությունից մինչև անցած երկուշաբթի Գասպարին պահվել է կարանտինային խցում, հետո տեղափոխվել է կալանավորված անձանց պահման խուց, որտեղ նա պառկել է գետնին, ինչը խցակիցների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացրել և նա տեղափոխվել է այլ խուց՝ մեկ անձի հետ:

Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քննիչի որոշմամբ է նրա նկատմամբ հոգեբուժական փորձաքննություն իրականացվել: Նախարարը հավաստիացրեց, որ այս պահին, վերջին տեղեկատվությամբ, Վ. Գասպարին իր առողջական վիճակի հետ կապված որևէ պահաջ չի ներկայացրել, նախարարի հանձնարարությամբ նրան մոտեցել են բժիշկները և հարցրել՝ որևէ խնդիր ունի՞, թե ոչ, պատասխանել է, որ որևէ խնդիր չունի և բողոք չի ներկայացնում, իսկ խնդիրներ ունեն խցակիցները:

Ա.Հովհաննիսյանը նշեց, որ առաջին անամ է լսում, որ նրա նկատմամբ խոշտանգում է եղել և կոչ արեց զգույշ լինել այդ տերմինն օգտագործելուց:

Զ.Փոստանջյանը հայտնեց, որ Գասպարին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին է ասել, որ վատ է զգում և իր նկատմամբ խոշտանգում է եղել: Պատգամավորը խնդրեց դա քննության առարկա դարձնել, նաև քննության առարկա դարձնել դատարանի որոշումը կալանավորման մասին:

Դատական համակարգի վերաբերյալ Ա.Հովհանիսյանը նշեց, որ նախարարությունը իրավունք չունի քննարկելու դատարանի որոշումը: Ըստ նրա՝ կալանքի համար դատարանը հիմք է ընդունել նախադեպային որոշումը, որ նախկինում Գասպարին չի ներկայացել դատական նիստերին, դա որակվել է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ: Ա. Հովհաննիսյանը խոստացավ հետևողական և ուշադիր լինել Վարդգես Գասպարիի գործի հանդեպ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս