«Եկեք անունը դնենք Վարդուշ, դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ է». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվել 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թ. հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ հիմնադրամի անվանումը փոխվում է և այն դառնում է «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմանդրամ»:

Ըստ նրա՝ հիմնադրամի քարտուղարության գործառույթները կվերապահվեն Եվրասիանկան զարգացման բանկին: Փոխնախարարի խոսքով՝ եթե մինչ այս հիմնադրամի միջոցները տրամադրվում էին միայն վերադարձելիության սկզբունքով, ապա հիմա հիմնադրամը կկարողանա ցածր եկամուտ ունեցող մասնակից պետություներին դրամաշնորհներ տրամադրել սոցիալական և կրթական ծրագրերի իրականացման համար:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է փոխվելու անունը փոխելու արդյունքում, Հայաստանն ի՞նչ ծրագրերով կկարողանա դիմել ու ի՞նչ ծավալների կարող են հասնել դրանք: «Թե չէ, եկեք անունը դնենք Վարդուշ, դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ է»,- նկատեց Ն. Զոհրաբյանը:

Ա.Ջանջուղազյանը նշեց, որ հիմնադրամը ստեղծվել է 2009-ին, համաշխարհային ճգնաժամի ժամանակ, և այս տարիների ընթացքում ապացուցել է, որ գոյության իրավունք ունի, բայց այժմ անվանումը չի համապատասխանում գործունեության ուղղություններին:

Նա հայտնեց, որ Հայաստանը մասնակցել է հիմնադրամին՝ 1 մլն ԱՄՆ դլարի չափով և կարող է 1.1 մլն դոլարի չափով վարկային միջոցներ ստանալ, արդեն 3 համաձայնգիր է կնքվել՝ 300 հազար դոլարի չափով՝ որպես բյուջետային աջակցության վարկ, Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության նպատակով 150 մլն դոլար, և այս պահին վերջին վարկը 40 մլն դոլար է ներգրավվել ոռոգման համակարգի խնդիրների լուծման նպատակով:

Ա.Ջանջուղազյանը դժվարացավ պատասխանել պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե այդ 1 մլն-ի դիմաց Հայաստանն ի՞նչ շահույթ է ստացել: Ըստ փոխնախարարի՝ այդ գումարը բյուջեում ձևակերպվել է որպես ծախս, անդամավճար՝ առանց որևէ ակնկալիքի:

 

Տեսանյութեր

Լրահոս