Ինչպես է ՀԾԿՀ-ն մսխում բյուջեի փողերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016թ. համար գնել է 25.740 լիտր պրեմիում տեսակի բենզին: Անցած տարվա օգոստոսին կազմված փաստաթղթերով ՀԾԿՀ-ն բենզինի համար նախատեսել է պետբյուջեից վճարել 11 մլն 583 000 դրամ` 1 լիտրի համար 450 դրամ: Սակայն ՀԾԿՀ-ից «Ժողովուրդ»-ին տրված պարզաբանման համաձայն՝ գնման փաստաթղթերում փոփոխություն է կատարվել, եւ բենզինը գնվել է 1 լիտրը 420 դրամով:
Իհարկե, այդ գինը եւս շուկայականից առնվազն 10 դրամ թանկ է, բայց առավել ուշագրավ է այն փաստը, որ ՀԾԿՀ-ն, չգիտես ինչու, 12 հատ ծառայողական ավտոմեքենա ունի: Այսինքն՝ հանձնաժողովի նախագահից եւ չորս անդամներից բացի՝ ծառայողական ավտոմեքենա ունեն նաեւ աշխատակազմի 7 ղեկավար պաշտոնյաները: Իսկ ով է ասել, որ ամեն մի մեծ ու փոքր չինովնիկի հարկատուների հաշվին ծառայողական ավտոմեքենա եւ օրական 10 լիտր բենզին պետք է տրվի: Սա բյուջետային միջոցների վատնման թերեւս վառ օրինակ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: