Ֆուտբոլային գործակալը խոսել է Մովսիսյանի, Օզբիլիզի, Մանուչարյանի և Մխիթարյանի մասին
Ռուսական Советский Спорт կայքը հարցազրույց է հրապարակել Ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ գործակալը, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին, Արաս Օզբիլիզին, Էդգար Մանուչարյանին եւ Հենրիխ Մխիթարյանին վերաբերող հարցերին:
Խոսելով Յուրա Մովսիսյանի մասին, Հովհաննիսյանը նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում Յուրան՝ Վելիտոնի ու Պավլյուչենկոյի հետ միասին, կարող է համարվել «Սպարտակ»-ի լավագույն հարձակվողներից մեկը: «Նա միշտ էլ նվիրվել է «Սպարտակ»-ի խաղերին: Երբ նոր էր տեղափոխվել, ինձ միշտ ասում էր, որ հպարտ է նման մեծ թիմ տեղափոխվելու համար»,-պատմել է գործակալը:
Անդրադառնալով Օզբիլիսին նա, ասել է, որ այս ֆուտբոլիստին լավագույնս հանդես գալուն վնասվածքներն են խանգարել: «Եթե չլինեին վնասվածքները, ապա ամեն ինչ կստացվեր: Արասը տաղանդ է, սակայն երեք-չորս լուրջ վիրահատություն տանելուց հետո, դժվար է վերադառնալ նախկին մակարդակին: Իսկ Օզբիլիզը նույնիսկ Եվրոպայում գնահատված ֆուտբոլիստ է»,- ընդգծել է Վ. Հովհաննիսյանը:
Ֆուտբոլային գործակալը պատմել է նաեւ, որ երբեմն ստիպված է եղել իր միջոցներով գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Խոսքը մասնավորապես Էդգար Մանուչարյանին «Փյունիկ»-ից «Ուրալ» տեղափոխելուն է վերաբերել: Այս տրանսֆերի համար Հովհաննիսյանը վճարել է 300 հազար եվրո, քանի որ կարծում էր, որ այս ֆուտբոլիստը շատ տաղանդավոր է:
«Կարծել եմ, որ նա ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստն է: Մխիթարյանը ֆանտասիկ է, սակայն Մանուչարյանի ֆուտբոլային նրբությունը, տեխնիկան, մարտավարական ընկալումը բարձրակարգ է: Եթե Էդգարը կարողանար Մխիթարյանի պես ֆիզիկական աշխատանք կատարեր, ապա աստղ կդառնար: Սակայն Մանուչարյանը մրցաշրջանի կեսը բաց է թողնում վնասվածքի պատճառով: Դա շատ շատ է: Չեմ կարող եմ ասել, որ նա ամենաուժեղ հայ ֆուտբոլիստն է, սակայն միլիոն տոկոսով համոզված եմ` ամենատաղանդավորն է»,-ասել է Վ. Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Հենրիկ Մխիթարյանին, Ֆուտբոլային գործակալը պատմել է, որ մինչև «Բորուսիա» մեկնելը նա պետք է «Շախտյոր»-ից «Անժի» տեղափոխվեր: «Ֆանտաստիկ թվեր էին տալիս. 6 մլն եվրո վճարում էին միանգամից, նույն չափի աշխատավարձ: Պարգևավճարները` աներևակայելի թվեր: Ստացվեց այնպես, որ վիճեցի Հենրիխի հետ համոզելու պատճառով: Հարցը փողը չէր: Անկեղծորեն ուզում էի իրականացնել այդ տրանսֆերը, կատարել իմ առջև դրած խնդիրը: «Շախտյոր»-ի ղեկավարներն էլ ավելի շատ հակված էին «Անժի»-ի տրանսֆերին, սակայն Հենրիխը չէր համաձայնվում: Ասում էր` ուզում է Եվրոպա մեկնել: Մի խոսքով, ուզում եմ ներողություն խնդրել նրանից այդ ճնշման համար: Նա շատ ճիշտ արեց, որ տեղափոխվեց Դորտմունդ ու չնայեց փողերին»,- ասել է Հովհաննիսյանը: