Բաժիններ՝

Արման Թաթոյանը կայցելի և՛ Վարդգես Գասպարիին, և՛ Գևորգ Սաֆարյանին

Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանն արձագանքելու է Վարդես Գասպարիի, Գևորդ Սաֆարյանի և նմանատիպ այլ գործերին: Ազգային ժողովում նրա ընտրության քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում Ա. Թաթոյանն ասաց, որ ուսումնասիրելու է հասարակական հնչեղություն ստացած բոլոր գործերը:

Նա նաև կայցելի Վարդգես Գասպարիին և Գևորգ Սաֆարյանին, բոլոր նրանց, ում գործերը մեծ հնչեղություն են ստացել:

Հարցին՝ արդարացի կհամարե՞ք, եթե հանրաքվեի մասին տարեկան զեկույցները չհրապարակվեն, նորանշանակ ՄԻ պաշտպանն այսպես պատասխանեց.

«Դուք ինձ միանգամից ստիպում եք կանխակալ գնահատականներ անել, ինչը չեմ անելու»:

Հարցին՝ քաղաքական հնչեղություն ստացած գործերը՝ Վարդգես Գասպարիի, Գևորգ Սաֆարյանի, որքա՞ն առաջնահերթ են լինելու ձեզ համար, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ բոլորն էլ առաջնահերթ են լինելու. «Բայց այս պահին ես չեմ կարող կանխակալ դատողություններ անել, որովհետև պետք է նայեմ, տեսնեմ, ուսումնասիրեմ»:

Այն հարցին էլ, թե՝ Ձեր անձի հանդեպ քննադատությունը որևէ նստվածք թողե՞ց, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ ինքը նման մարդ չէ, որ նման երևույթները նստվածք թողնեն. «Ոչ, ես այդպիսի մարդ չեմ, բացառված է որևէ նստվածք»:

Լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց՝ դուք ձեր պաշտոնավարման ընթացքում հաշվի կառնե՞ք ձեզ նախորդած երեքի պաշտոնանկության որոշումները: Ի պատասխան՝ Ա. Թաթոյանն ասաց, որ աշխատել է թե՛ Տիկին Ալավերդյանի, թե՛ պարոն Հարությունյանի հետ, բայց անցած այդ հարցերին նպատակահարմար չի գտնում անդրադառնալ. «Ես հիմա ընտրվել եմ ՄԻ պաշտպանի պաշտոնում, և, եթե անդրադառնամ բոլոր նման հարցերին, և այլն, ապա կարծում եմ՝ արդյունավետության վրա կազդի»:

Հարցին՝ պատրա՞ստ եք իշխանություններին տհաճություններ պատճառել, նորանշանակ պաշտպանը պատասխանեց, որ ինքը նման որակումներով չի ուզում առաջնորդվել. «Այն, որ, իհարկե, պատրաստ եմ խնդիրները վեր հանել և դրանք դարձնել քննարկման առարկա՝ միանշանակ է, այստեղ կասկած չի կարող լինել»: Դիտարկմանը, թե քանի որ ՄԻ պաշտպանի դերում իրեն ՀՀԿ-ն է առաջադրել, ի՞նչը կարող է որոշակիորեն ստվերել պաշտպանի դերը, Ա. Թաթոյանը չհամաձայնեց. «Ոչ, դուք տեսաք՝ որքան շատ էին ձայները, դա ինձ համար կարևոր է, կրկնակի պարտավորեցնող է 96 կողմ ձայնը, շնորհակալ եմ բոլոր պատգամավորներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս