Արմեն Մուրադյանն ու Հարութ Սասունյանը քննարկել են մարդասիրական օգնությամբ դեղերի ներկրման հարցը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արմեն Մուրադյանը ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել բարերարին առողջապահական համակարգի արդիակացման և ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված երկարամյա աշխատանքի համար:
Նախարարն ընդգծել է, որ իրականացված աշխատանքը չի կրում դրվագային բնույթ, այլ համակարգված հսկայական գործընթաց է: Քննարկման առանցքում են եղել մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքերի և դեղերի ներկրմանը վերաբերող հարցերը: Նախարարը շեշտել է, որ բժշկական սարքավորումների բաշխման գործընթացում առաջնահերթությունը տրվում է մարզային և ՀՀ ԱՆ ենթակայության բժշկական հաստատություններին:
Հարութ Սասունյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս շարունակել համագործակցել զարգացման հստակ ծրագրերով: Նշվել է, որ մարդասիրական ճանապարհով ներկրվող սարքավորումներն առաջին հերթին նպաստում են մեր երկրում բժշկական օգնության որակի բարելավմանը: Որակյալ սարքավորումների մի խմբաքանակ էլ նախորդ տարվա վերջին բաշխվել է հայաստանյան բժշկական կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի` 2015թ. գարնանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում ձեռք բերած պայմանավորվածության շնորհիվ:
Արդյունավետ համագործակցության և հայրենանվեր գործունեության համար Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ-ում 34 հիվանդանոցներ ղեկավարող «Prime Healthcare Management Inc» միության նախագահ Մայք Սարյանին:
Անդրադարձ է կատարվել նաև Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված և Հայաստանի և ԼՂՀ-ի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններին հատկացված թանկարժեք հակաուռուցքային դեղերին, մասնավորապես, «Ավաստին»-ին, որի տրամադրումը մեծ գոհունակություն է առաջացրել հիվանդների շրջանակում:
Քննարկվել են նաև Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով ներկրվող սարքավորումները, բժշկական պարագաները, Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների կարիքները գնահատելու, համատեղ աշխատանքն առավել համակարգված իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: