«Փորձում են վարկաբեկել լրագրության ինստիտուտը». Արմեն Դուլյան

ԱԺ դարպասների դիմաց տեղի ունեցած լրագրողների բողոքի ակցիային մասնակցում էր նաև հայտնի հեռուստալրագրող Արմեն Դուլյանը, ով նշեց, որ կատարվածի կապակցությամբ որևէ պատիժ չի սպասում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ հարցի լուծման երկու տարբերակ կա.

«Մեկը՝ Էթիկայի հանձնաժողովին դիմելը, որից որևէ հույս չունեմ, որովհետև այդ հանձնաժողովը ղեկավարում է մի մարդ, որը նույն կուսակցությունից է, ու իր համար մարդկայնորեն շատ դժվար է դատապարտել իր կուսակցին: Երկրորդ ճանապարհը դատարան դիմելն է, քաղաքացիական դատարան, որտեղ կա վիրավորանքի վարչական տույժ: Բայց հույս չունեմ, որ դա էլ օգուտ կտա, որովհետև ամիսներ առաջ հենց այստեղ տեղի ունեցավ մի միջադեպ, երբ այս շենքի անվտանգության ղեկավարը լրագրողի ձեռքին էր խփել ու գցել ձայնագրիչը:

Երկու ատյանի դատարան դա նայել է, և ոչ մի հանցակազմ նրա գործողությունների մեջ չեն գտել, այնինչ տեսագրությունը կա: Այդ իսկ պատճառով այս դեպքում էլ որևէ բան չեմ ակնկալում: Այնուամենայնիվ, որպես լրագրող՝ պետք է գամ և ցույց տամ, որ ես բողոքում եմ դրա դեմ»:

Նա նշեց, որ, եթե Մհեր Սեդրակյանը ներողություն խնդրի, իր համար դա բավարար կլինի: Ըստ նրա՝ նման միջադեպերով փորձում են վարկաբեկել լրագրության ինստիտուտը.

«Մի ժամանակ փորձում էին ճնշել լրագրողներին, ծեծել, մտնում էին խմբագրությունները, ջարդում էին՝ առաջին նախագահի ժամանակ, հետո՝ եթերները փակում էին՝ երկրորդ նախագահի ժամանակ, փորձում էին վերահսկել հեռուստատեսությունը, հիմա արդեն դա քիչ է ստացվում, որովհետև կա ինտերնետ, ու այդ վերահսկողությունն իրենց ձեռքից գնում է: Ես հասկանում եմ իրենց, որովհետև ծանր բան է, երբ մարդն ուներ վերահսկողություն ինչ-որ բանի նկատմամբ, հիմա զրկվում է դրանից, ինչի հետևանքով ջղաձգվում են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս