
Ֆիջիում տրոպիկական «Ուինսթոն» ցիկլոնի հետևանքով 29 մարդ է զոհվել

Նախօրեին Ֆիջի կղզում տրոպիկական «Ուինսթոն» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով երկրի իշխանություններին, որոնք շարունակում են տեղեկություններ ստանալ Ֆիջի արշիպելագի հեռավոր կղզիներից: Կա մտավախություն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Երեկ Ֆիջիի վարչապետը հայտարարել է, որ «Ուինսթոնն» ամբողջությամբ ավերել է ենթակառուցվածքներն ու մեծ վնաս է հասցրել խաղաղօվկիանոսյան կղզային պետությանը:
Տեղեկությունների համաձայն՝ 8 հազար մարդ դեռևս գտնվում է ապաստարաններում ու տարհանման կենտրոններում:
Երկրի մայրաքաղաք Սուվում ցիկլոնն ամբողջությամբ ավերել է ավելի քան 140 տուն:
Մասնագետների խոսքով՝ «Ուինսթոնն» ամենաավերիչ ցիկլոնն է Ֆիջիի հիդրոօթերևութաբանական ողջ պատմության մեջ: