«Ի՞նչ են որոնում այս հայերը՝ հայրենիքից այդքան հեռու, այդքան կազմակերպված, հաջողակ, հարգված». Տիգրան Սարգսյանի Facebook-յան գրառումը
Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի Facebook-յան էջը բավական ակտիվ է: Քաղաքական գործչի էջում հրապարակվում են լուսանկարներ վերջինիս մասնակցությամբ, նրա հարցազրույցները, մտորումները, կան նաև հայ գրականության վերաբերյալ դատողություններ ու բանաստեղծական մեջբերումներ:
Էջը դիտելիս աչքի է զարնում մի հետաքրքիր իրողություն. եթե նախկինում ՀՀ վարչապետը հիմնականում գրառումները կատարում էր հայերեն ու անգլերեն, ապա վերջին շրջանում, կապված նրա նոր նշանակման հետ, գրառումներն սկսել են արվել ռուսերենով:
Ներկայացնենք ՀՀ նախկին վարչապետի վերջին գրառումը, որին կից նաև կա լուսանկար: «Անցած տարի ես ծառայողական գործերով երկու անգամ գնացի Ֆրեզնո, որտեղ գտնվում է հայկական ամենահին ու ուժեղ համայնքներից մեկը:
Այն ձևավորվել է 19-րդ դարում ու մեզ նվիրել մեծն Վիլյամ Սարոյանին՝ զարմանալի կենսասիրությամբ ու հումորով: Ես ամբողջ ժամանակ մեջբերում եմ նրա հերոսներից մեկի խոսքերը, որ «այս աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան այնպես չէ»: Ու մենք մեր ողջ կյանքում փորձում ենք հասնել ճշմարտությանը, ինչն էլ զարգացման շարժիչ ուժն է, եթե ոչ հասարակության, ապա մարդու՝ հաստատ:
Ի՞նչ են որոնում այս հայերը՝ հայրենիքից այդքան հեռու, այդքան կազմակերպված, հաջողակ, հարգված: Ինչ-որ անհասկանալի ու գերբնական բան է նրանց առաջնորդում: Դա նրանց գիտակցության մեջ չէ, այլ գենետիկ մակարդակում է ինչ-որ բան դրված: Դա ինչ-որ անհասկանալի առաքելություն է, որը նրանց դարձրեց Երուսաղեմում քրիստոնեական սրբավայրի պահապաններ (որտեղ հին քաղաքի մեկ քառորդը պատկանում է հայկական եկեղեցուն), որը ստիպում է նրանց Ավստրալիայից մինչև Կանադա նախ՝ կառուցել եկեղեցիներ, իսկ հետո՝ սեփական հյուղակները, որը նրանց մղում է Իսսիկյուլ ու Սինգապուր և այլուր:
Նրանց ճակատագրով նախանշված է ինչ-որ բան պահպանել ու փոխանցել մյուսներին: Ոչ թե իրենց համար, քանի որ այդ առաքելությունից միայն ողբերգություններ ու տառապանքներ են ծնվում, այլ ինչ-որ բարձր ու ազնիվ բանի համար: Այդ պատճառով են նրանց վտահում սրբազան մասունքները, սրբերի դասը, սրբավայրերը»,- գրել է Տիգրան Սարգսյանը: