
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է Մերկելին, Բեռլուսկոնիին ու Սարկոզիին. WikiLeaks

WikiLeaks-ն այսօր հայտարարել է փաստաթղթերի հրապարակման մասին, որոնք վկայում են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից համաշխարհային առաջատար ղեկավարներին լրտեսելու մասին:
Պորտալի տվյալներով՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչպես նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին ու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին:
Փաստաթղթերը պարունակում են մանրամասներ Պան Գի Մունի ու Անգելա Մերկելի զրույցից, որը վերաբերել է կլիմայական փոփոխություններին, հայտնում է WikiLeaks-ը:
Փաստաթղթերում նաև ասվում է այն մասին, որ Նեթանյահուն խնդրել է Բեռլուսկոնիին օգնել իրեն կոնտակտ հաստատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ Սարկոզին Բեռլուսկոնիի հետ քննարկել է Իտալիայի տնտեսության վատ վիճակը:
Ավելի վաղ WikiLeaks-ը հայտնել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ոչ միայն լրտեսել է Անգելա Մերկելին, այլև նրա նախորդին՝ Հելմուտ Քոլին, Գերհարդ Շրյոդերին: Այսպիսով, Գերմանիայի առաջատար քաղաքական գործիչներին լրտեսել են մի քանի տասնյակ տարի: