Բաժիններ՝

500 000 դրամ տուգանք՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար. 4 անձ մեղավոր է ճանաչվել

2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների մեջ մեղադրվող 4 անձ մեղավոր է ճանաչվել: Նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 500 հազար դրամ տուգանք: Ամբաստանյալներից մեկը կին է, հանձնաժողովի անդամ:

Ընտրված խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

2016թ. հունվարի 27-ին Ա. Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես քվեարկող հաշվառված լինելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված թիվ 10/12 ընտրատեղամասի ընտրացուցակներում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու և այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով 2015թ. դեկտեմբերի 6-ին գնացել է ընտրատեղամաս, որտեղ հանձնաժողովի անդամ Լ. Մնացականյանին ներկայացնելով իր անձնագային տվյալներով անձնագիրը, հանձնաժողովի անդամի օժանդակությամբ, հանդես գալով որպես տվյալ ընտրատեղամասում հանրաքվեին մասնակցություն ունենալու իրավունք ունեցող անձ, ստորագրել է ընտրացուցակում ընդգրկված այլ անձի տվյալների դիմաց, որից հետո վերջինիս փոխարեն կատարել է քվեարկություն և հեռացել։

Ըստ մեղադրանքի՝ իր իսկ կողմից կատարված հանցագործության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ներկայացել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք, ապա նաև օրաթերթի խմբագրություն և անձնագրի կորստյան վերաբերյալ հայտարարություն տվել։

2016թ. հունվարի 27-ի որոշմամբ Ա. Նադարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես քվեարկող հաշվառված լինելով Երևանի թիվ 10/19 ընտրատեղամասի ընտրացուցակներում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու և այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով 2015թ. դեկտեմբերի 6-ին գնացել է 10/20 ընտրատեղամաս, որտեղ հանձնաժողովի անդամ Լ. Մնացականյանին ներկայացնելով իր անձնագային տվյալներով անձնագիրը, Լ.Մնացականյանի օժանդակությամբ, հանդես գալով որպես տվյալ ընտրատեղամասում հանրաքվեին մասնակցություն ունենալու իրավունք ունեցող անձ, ստորագրել է այլ անձի դիմաց, վերջինիս փոխարեն կատարել է քվեարկություն և հեռացել։

Ըստ մեղադրանքի՝ Ա.Նադարյանն իր կողմից կատարված հանցագործության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ներկայացել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք և անձնագրի կորստյան վերաբերյալ հայտարարություն տվել։

Դ. Նադարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես քվեարկող հաշվառված լինելով Երևանում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասի ընտրացուցակներում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու և այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով 2015թ. դեկտեմբերի 6-ին գնացել է Երևանում տեղակայված թիվ 10/20 ընտրատեղամաս, որտեղ հանձնաժողովի անդամ Լ. Մնացականյանին ներկայացնելով իր անձնագային տվյալներով անձնագիրը, Լ.Մնացականյանի օժանդակությամբ, հանդես գալով որպես տվյալ ընտրատեղամասում հանրաքվեին մասնակցություն ունենալու իրավունք ունեցող անձ, ստորագրել է այլ անձի տվյալների դիմաց, որից հետո վերջինիս փոխարեն կատարել է քվեարկություն և հեռացել։

Լ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. նա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ հանդիսանալով Երևանում տեղակայված թիվ 10/20 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, 2015թ. դեկտեմբերի 6-ին թույլատրել է այլ ընտրատեղամասի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներ Ա. Մեհրաբյանին, Ա. Նադարյանին և Դ. Նադարյանին իրենց անձնագրերով քվեարկել այլ անձանց փոխարեն:

Մինչև դատաքննությունը սկսելը բոլոր ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքն համաձայն է մեղադրանքի հետ։
Դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս