«Չմտնեք քաղաքական դաշտ և չփորձեք դիրքադրվել ընդդիմադիր դաշտում». Վահե Հովհաննիսյանը՝ Արման Թաթոյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսօր ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց, որ թեկնածուի առաջադրման մեխանիզմը որոշակի խնդիրներ հարուցում է, բայց դա էլ լուծման հաջող բանալի ունի:

«Դուք չպետք է դառնաք ընդդիմադիր գործիչ, դա սխալ ճանապարհ է, չմտնեք քաղաքական դաշտ և չփորձեք դիրքադրվել ընդդիմադիր դաշտում: Ձեր առաքելությունը շատ ավելի բարձր է, քան ընդդիմադիր լինելը»,- ասաց Վ.Հովհաննիսյանը՝ դիմելով ՀՀԿ կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Արման Թաթոյանին:

Ըստ պատգամավորի՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թաթոյանը պետք է մոռանա, որ ՀՀԿ թեկնածուն է եղել, սակայն նա պարտավոր է լինելու աշխատել իշխանության հետ, որպեսզի կարողանա հարցեր լուծել: Վ.Հովհաննիսյանի կարծիքով՝ սուր կոնֆլիկտի գնալու դեպքում, անգամ եթե դա հաճելի է որոշակի շրջանակների, դա կխանգարի աշխատանքին:

Վ.Հովհաննիսյանը դրական գնահատեց, որ ԱԱԾ պետը ևս երիտասարդ է, և կարծես նոր էջ է բացվում: Նա ապագա ՄԻՊ-ին խորհուրդ տվեց թիմ չփնտրել քաղաքական դաշտում, քանի որ համախոհների բանակ կունենա, եթե լինի քաղաքացիական հասարակության պայքարող անհատների կողքին:

Տեսանյութեր

Լրահոս