«Հետսովետական տարածքում Կրեմլի գործակալական ցանցի բացահայտումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ». Շարաշենիձե

«Միակ երկիրը, որը կարող է չեզոքացնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում, ԱՄՆ-ն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վրացի քաղաքագետ, պրոֆեսոր, Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի միջազգային հարաբերությունների գծով մագիստրատուրայի ղեկավար Թոռնիկե Շարաշենիձեն` անդրադառնալով հետսովետական տարածքում ռուսական ագենտուրայի բացահայտման օրինագծին:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որը երկրի հետախուզական մարմիններին պարտավորեցնում է իրեն տեղեկություն տրամադրել ՌԴ հատուկ ծառայությունների կողմից նախկին խորհրդային հանրապետություններում քաղաքական կուսակցությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին։ Որոշ ԶԼՄ-ներ արդեն տեղեկություններ են հայտնում, թե հետխորհրդային երկրների թվում Ուկրաինան կարող է լինել առաջին երկրներից մեկը, որտեղ կբացահայտվի ՌԴ հատուկ ծառայությունների գործակալական ցանցը: Վրացի վերլուծաբանն ասաց, որ խոսքը բավականին լուրջ նախաձեռնության մասին է, որն իրագործման դեպքում կարող է վճռորոշ դառնալ հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության համար:

Նա նշեց, որ նախկինում նման բանի մասին երբեք չի լսել: Թոռնիկե Շարաշանիձեի որակմամբ՝ սա բաց հայտարարություն է այն մասին, որ Ռուսաստանն այլևս Արևմուտքի կողմից դիտարկվում է՝ որպես սպառնալիք հետխորհրդային երկրների համար:

Ըստ վրացի փորձագետի` հետխորհրդային երկրներում Ռուսաստանի ազդեցության պահպանման ամենակարևոր գործիքներից մեկը ռուսական գործակալական ցանցն է այս երկրներում: Շարաշենիձեի որակմամբ՝ բացահայտման նման գործընթացի կարիք ունեն թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանը, թե Վրաստանը, և թե՛ մյուս բոլոր երկրները:

«Միակ երկիրը, որը կարող է չեզոքացնել ռուսական ազդեցությունը, իհարկե, ԱՄՆ-ն է, ոչ մի այլ երկիր դա չի կարող անել: Եթե Հայաստանը ցանկանում է ազատագրվել ռուսական ազդեցությունից, ապա դա ինձ համար դրական լուր է»,- նկատեց Շարաշենիձեն: Վերջինս ասաց, որ Վրաստանում ևս, թեև հայտարարված է եվրաատլանտյան զարգացման ուղի, զգալի է ռուսական ազդեցությունը: «Իսկ ռուսական ազդեցությունը կառավարվում է Կրեմլի կողմից գործակալական ցանցի միջոցով: Խոսքը ոչ այնքան՝ ոչ պետական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, որքան՝ հենց Կրեմլի ուղղորդման մասին է՝ գործակալների միջոցով: Դրա չեզոքացումը մեծ նշանակություն կարող է ունենալ»,- ասաց վրացի պրոֆեսորը:

Տեսանյութեր

Լրահոս