Նիկոլ Փաշինյանը կողմ կքվեարկի Արման Թաթոյանին
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համար ՄԻՊ ընդունելի թեկնածուն Զարուհի Փոստաջնյանն էր, սակայն Արման Թաթոյանի դեպքում, թեև միանշանակ է, որ նա իշխող կուսակցության առաջադրած թեկնածուն է և նրան կարելի է համարել իշխանության մարդը, այնուամենայնիվ իր քվեարկության մասին դեռ մտածում է:
Ն.Փաշինայնը նշեց, որ քանի որ ՄԻՊ նախկին 3 թեկնածուներն էլ համարվել են իշխանության թեկնածու, բայց հանդես են եկել անսպասելի դիրքորոշումներով ու ստիպված էին հրաժարական տալ իշխանության համար անհաճո գործունեության պատճառով: Նրա կարծիքով՝ հատկապես Կարեն Անդրեասյանը մեծ հաշվով կարողացավ հերքել իշխանության կամակարտարի պիտակը:
Ն.Փաշինյանը հույս հայտնեց, որ ՄԻՊ կառույցը կայացման որոշակի ճանապարհ է անցել, ձևավորվել է ինստիտուտ, որը որոշակի իմիջ է պարտադրում տվյալ պահին աշխատող պաշտպանին. «Եվ սա ստիպում է մտածել, որ ընդհանրապես պետք է ՄԻՊ-ի թեկնածուին ոչ թե կանխավարկածային անվստահությամբ վերաբերվալ, այլ փորձել այնուամենայնիվ կիրառել կանխավարկածային վստահության ճանապարհը, եթե դա հերքող, դա բացառող շատ ակնհայտ պատճառներ չկան: Առաջարկվող թեկնածուի դեպքում ես նման պատճառներ չեմ տեսնում»:
Պատգամավորը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը և այդ որոշումն անվանեց չափազանց դժվար: Ըստ նրա՝ սա ոչ թե Արման Թաթոյանին վստահության քվե է, այլ՝ ավանս, որ եթե Թաթոյանն իր գործունեության ընթացքում կուզենա լինել այնպիսի ՄԻ պաշտպան, ինչպիսին համապատասխանում է ՀՀ ժողովրդի շահերին, ու եթե Թաթոյանը կունենա իր աջակցության ահրաժեշտությունը, կստանա այն: «Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ իշխանության միջին օղակներում ձևավորվել է պրոֆեսիոնալ և պարկեշտ պաշտոնյաների մի խավ, ովքեր ի վճակի են ՀՀ շահերից և ժողովրդի շահերց բխող գործունեություն ծավելել, ու այդ պաշտոնյաներին իշխանությունը մտցրել է իրենց շարքեր՝ գրիմի համար: Սա, ըստ էության, գրիմ է իշխանության կոռումպացված երեսին»,- ասաց Ն.Փաշինայնը՝ ցավ հայտնելով, որ այդ պաշտոնյաները մեկուսացված են քաղաքական որոշումների կայացման գործընթացից: