Փախստականների մասին պատմող ֆիլմն արժանացել է Բեռլինալեի գլխավոր մրցանակին
Բեռլինում երեկ ուշ երեկոյան կայացել է Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը:
Կինոփառատոնիի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը», բաժին է հասել իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիին «Կրակ ծովում» (Fuocoammare) վավերագրական ֆիլմի համար:
Նույն օրը նա արժանացել էր նաև էկումենիկ ժյուրիի ու իրավապաշտպան Amnesty International կազմակերպության մրցանակներին:
Կանացի լավագույն դերի համար «Արծաթե արջի» է արժանացել դանիացի Տրին Դյուրհոլմը (Թոմաս Վինտերբերգի «Կոմունա» ֆիլմի համար), իսկ տղամարդու լավագույն դերը մարմնավորել է թունիսցի դերասան Մաջ Մաստուրան (Բեն Ատտիյայի «Հեդի» ֆիլմը):
Լավագույն ռեժիսորական աշխատանք է ճանաչվել ու «Արծաթե արջի» արժանացել ֆրանսուհի Միա Հանսեն-Լյովի «Ապագան» ֆիլմը:
Ժյուրիի գրան-պրիին արժանացել է օսկարակիր բոսնիացի ռեժիսոր Դանիս Տանովիչի «Մահ Սարաևոյում» ֆիլմը:
Հիմնական մրցույթում ցուցադրվել է 23 ֆիլմ տարբեր երկրներից: 18 ֆիլմ հավակնում էր «Ոսկե արջի» ու «Արծաթե արջի»: Ընդհանուր առմամբ՝ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է 436 ֆիլմ:
Բեռլինի կինոփառատոնն անցկացվում էր փետրվարի 11-21-ը: Մրցութային ժյուրին գլխավորում էր ամերիկացի կինոաստղ Մերիլ Սթրիփը:
Բեռլինալեն անցկացվում է 1951 թվականից ու համարվում է կարևորագույն կինոփառատոներից մեկը: