Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել` տրանսպորտային միջոցը 16 տարին չլրացած անձին հանձնելու համար

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է դեռահասի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գորիսի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում Ա.Բաղդասարյանի անվամբ հաշվառված «Մերսեդես Բենց 420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան խճուղու աջ կողնակում առկա գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ուղևոր, 15-ամյա տղան մահացել է, ևս 2 դեռահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ վթարի պահին ավտոմեքենայի ղեկին է գտնվել անչափահաս։

Քննությամբ պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ Ա.Բաղդասարյանն իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան տեխսպասարկման կետ տեղափոխելու նպատակով հանձնել է եղբորորդուն, ով 15 տարեկան է։

Նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկի սկզբնամասում երթևեկելով ձախակողմյան ուղեմասով` դեռահասը, նախնական քննության տվյալներով, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, դրանով իսկ պայմանավորել վրահաս պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։

Արդյունքում՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և աջակողմյան հատվածով բախվել Երևանյան խճուղու աջ կողնակում առկա գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ուղևորներից մեկը՝ 15-ամյա Արենը, ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ղեկին գտնվող Նարեկը և նրան հասակակից Ալիկն ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն»:

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արդյունքում Արենին անզգուշությամբ մահ պատճառելու համար «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդ նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին` արարքը կատարելու պահին նրա քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին հասած չլինելու հիմքով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել դեռահասի հորեղբորը՝ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոցը 16 տարին չլրացած անձին հանձնելու համար։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս