Հարավային Օսիայում կանցկացվի հանրաքվե՝ հանրապետությունը ՌԴ-ի կազմում ներառելու վերաբերյալ
Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում ներառելու մասին հանրաքվեն պետք է անցկացվի հատուկ կարգով: Այս մասին ժողովրդին ու խորհրդարանին ուղղված ուղերձում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը, հայտնում է TASS-ը:
«Այս տարի մենք մտադիր ենք շարունակել խորհրդատվությունները ռուսական կողմի հետ հանրաքվեի անցկացման հարցի վերաբերյալ: Հասկանալով հարցի ողջ դժվարությունն ու նրբությունը ու չցանկանալով մեր ռազմավարական գործընկերոջ համար բարդություններ ստեղծել միջազգային հարթակում, կարծում եմ, որ հանրաքվեն պետք է անցկացվի հատուկ կարգով: Դիտարկվում է հնարավորությունը մեր Սահմանադրությունում ներառել առանձին նորմ, որը թույլ կտա Հարավային Օսիայի Հանրապետության նախագահին դիմել ՌԴ-ին՝ առաջարկելով Հարավային Օսիան ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում՝ որպես նոր սուբյեկտ»,- հայտարարել է Տիբիլովը:
Նրա խոսքով՝ այդկերպ հանրապետությունը կստանա ամուր սահմանադրական հիմքեր՝ նախաձեռնելու նման գործընթաց:
«Ակնհայտ է, որ միայն այդկերպ մենք ձեռք կբերենք երկարաժամկետ՝ տասնյակ ու հարյուրավոր տարիների երաշխիք մեր անվտանգության ու խաղաղ զարգացման համար»,- իր որոշումը մեկնաբանել է Տիբիլովը: