«Դա շատ վատ նախադեպ է». Վահե Հովհաննիսյան

«Ստացվում է, որ մենք կառավարման արդյունավետության գաղափարը ստորադասում ենք քաղաքական նպատակահարմարության գաղափարին: Դա շատ վատ նախադեպ է, որովհետև չի կարելի նման բան անել: Այստեղ իսկապես առաջանում է պետական շահի գաղափար և կուսակցական շահի գաղափար:

Մենք 25 տարի անընդհատ խոսում ենք, որ չի կարելի կուսակցական շահը վեր դասել պետական շահից, բայց այսօր անում ենք դա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա մտավախություն հայտնեց, որ սրանք միայն ծիլերն են, որովհետև խորհրդարանական կառավարման մոդելին անցնելը ենթադրում է, որ անընդհատ նման խնդրի առաջ ենք կանգնելու, թե որը գերադեսենք, և 2017-ից հետո այդ ծիլերն ավելի շատ են դրսևորվելու:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հակադարձեց, թե պետական կառավարման արդյունավետության և քաղաքական նպատակահարմարության միջև կոնֆլիկտ չկա և չի կարող լինել: Ըստ նրա՝ պետության հզորացմանը նվիրված յուրաքանչյուր քաղաքական ուժ շատ լավ պատկերացնում է, որ քաղաքական բոլոր տեսակի նպատակահարմարությունները և համագործակությունները ունեն մի նպատակ՝ պետականությունը հզորացնելը, համատեղ ջանքերով, հնարավորինս շատ ռեսուրսներ օգտագործելով, փորձել լուծել ազգային խնդիրները:

«Ես չեմ տեսնում այս դահլիճում մի քաղաքական ուժ, որ փորձում է թուլացնել Հայաստան երկիրը»,- ասաց Հ. Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ մեր երկիրը կոալիցիոն բավականին երկար կենսափորձ ունի և այդ գործողությունները հիմնավորվում են հուշագրով, որը ցույց է տալիս այն բովանդակությունը, որը միավորվող քաղաքական ուժերը դնում են այս հուշագրի մեջ.

«Մի փոքր համբերություն և կտեսնեք, որ քաղաքական համագործակցությունը միջոց է այն նպատակի համար, որ կլինի այդ հուշագրի մեջ: Այնպես որ կառավարության կառուցվածքը նույնպես նպատակ ու դոգմա չեն, և մինիմալացումը, մաքսիմալացումը և բոլոր «ցումերը» գործիքներ են, որ խնդիր են լուծում»:

Նկատելով, թե այլ դեպքերում տարբեր ուժերի համագործակցության մասին վերջին պահին է հայտնի դառնում, իսկ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները արդեն մի քանի շաբաթ հայտնի են հանրությանը, Հ. Նաղդալյանը հայտարարեց՝ «Հանրությանը շաբաթներ առաջ հայտնի է, թե ում են առաջարկում մեր ընկերները»:

 

Տեսանյութեր

Լրահոս