«Որոշել են հարս բերել, բայց տան պայմանները չեն բավարարում». Զարուհի Փոստանջյան

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումն օրինականությունից չի բխում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ մի քանի օր առաջ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց նշանակել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, և այսօր գործում է 4 գլխավոր դատախազի տեղակալ, իսկ մեկ շաբաթվա ընթացքում ստեղծվեց 5-րդ հաստիքը և հետո այն վերացվեց:

Այսինքն, Զ.Փոստանջյանի խոսքով, սա բխում է միայն քաղաքական նպատակահարմարությունից և ոչ թե պետական շահից ու արդյունավետությունից:

Պատգամավորը նշեց, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որոշել են ստեղծել մի նոր նախարարություն ու բավարարել ՀՅԴ-ի պահանջը՝ իրենց տրամադրել նախարարի պորտֆել, սակայն ձևական կողմն ապահովելով, օրինականության սկզբունքը չի պահպանվում և արհեստականորեն ստեղծված այս պաշտոնները չեն օգնելու պետության կառավարմանը:

Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ համատարած անվստահության ու արտագաղթի պայմաններում նորից գնում են քաղաքական պայմանավորվածությունների դաշտ, իսկ այդ քաղաքական պայմանավորվածությունները տեղի են ունեցել ոչ թափանցիկ մթնոլորտում և դա որևէ բարելավում կամ դրական մթնոլորտ չի ստեղծելու Հայաստանում: Ըստ նրա՝ մարդիկ, որ ասում էին, թե իշխանությունները հեղինակություն չեն վայելում, այժմ փորձում են նույն իշխանությունների հետ կառավարություն կազմել: Զ.Փոստանջյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն դուրս էր եկել կոալիցիայից՝ արտաքին քաղաքականության հետ կապված անհամաձայնության պատճառով, բայց հիմա էլ ոչինչ չի փոխվել արտաքին քաղաքականության մեջ:

«Անընդհատ նույն շրջապտույտն է տեղի ունենում, 25 տարի այսպես էլ չկարողացանք մեր պետական, ազգային շահը տարանաջատել քաղաքական մասնավոր նպատակահարմարություններից, որոնցից ելնելով էլ չունենք արդյունավետ և կոմպետենտ կառավարում, կարող են պատահական մարդկանց բերել նշանակել բարձր պաշտոնի, ձախողում թույլ տված մարդկանց նշանակել բարձր պաշտոնի, տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նորից նշանակել բարձրաստիճան պաշտոնի… Այնպիսի տպավորություն է, որ տեղի է ունեցել ամուսնություն, որոշել են հարս բերել, բայց տան պայմանները չեն բավարարում այդ ամուսնության համար և զույգի համար նպաստավոր չեն և որոշել են բնակարանի մի սենյակը կիսել, որ զույգերը կարողնան այդտեղ բնակվել»,- հավելեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս