Արփինե Հովհաննիսյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Վա~յ, մամա ջան»
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են շտապում և արտահերթ նիստով հարցը քննարկում, ոչ թե սպասում հաջորդ շաբաթ սկսվող ԱԺ հերթական նիստաշրջանին, նաև ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ՀՅԴ քաղաքայկան համագործակցության շրջանակներում նախարարությունը չբաժանել և ամբողջությամբ տալ ՀՅԴ-ին:
Միաժամանակ Լ.Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը կոալիցիա կազմում որևէ ուժի հետ, երբ կոալիցիան կառավարման ավելի քիչ արդյունավետ ձև է և համարվում է չարյաց փոքրագույնը:
«Մեզ բոլորիս կտրում եք գործից, պլանավորված հանդիպումներից և այլն: Էս ամեն ինչը պետք է բացատրություն ունենա»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ շտապողականություն չկա, պարզապես ԱԺ հաջորդ քառօրյայի օրակարգից ելնելով՝ կառավարությունը նպատակահարմար է համարել արտահերթ նիստով քննարկել այս հարցը:
«Ինչո՞ւ ենք Ձեզ Ձեր գործից կտրում: Անկեղծ ասած՝ Ձեզ Ձեր գործից կտրելու որևէ ցանկություն չունեինք, բայց որքանով ինձ իմ հիշողությունը չի դավաճանում և ԱԺ-ում գտնվելու իմ տարիների պրակտիկան, մեր գործը հենց սա է, այն, ինչի համար այսօր այստեղ հավաքվել ենք: Հարգելի´ գործընկերներ, այլ հարց է, որ դժկամությամբ եք գալիս, այլ հարց է, որ չեք ուզում գալ, այլ հարց է, որ նպատակահարմար չի, տարբեր պատճառներ կարող են լինել, բայց, համենայն դեպս, Սահմանադրության նորմերին համապատասխան կառուցակարգերով հրավիրված ԱԺ նիստերին մասնակցելը պատգամավորի իրավունքն ու պատասխանատվութուննն ու աշխատանքն է, իրավական ավելի կոպիտ ձևակերպումների մեջ չխորանամ»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչն է խանգարում նախարարությունն առանց մասնատելու տրամադրել ՀՅԴ-ին, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց, թե քաղաքական պայմանավորվածություններն են այդպիսին եղել և հավելեց, որ համագործակցությունն այդքան նեղ չեն դիտում, որ մեծամասնությունն իր ցանկացած որոշումները անցկացնի, այլ համագործակցությունը տարբեր փուլերում տարբեր ձևաչափերով կարող է լինել և այս փուլում այս ձևաչափն է թևակոխում:
«Քաղաքական համագործակցության գրված կանոններ չկան»,- ասաց Ա.Հովհաննիսյանը՝ հավելելով՝ «վա~յ, մամա ջան»: