Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմաբազան ԱՄՆ-ի առաջ
Այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չընդունի, որ PKK-ի սիրիական թևը՝ «Դեմոկրատական միություն» կազմակերպությունը (PYD) ահաբեկչական է, Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առաջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Շերեֆ Մալկոչը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
«ԱՄՆ-ը, չընդունելով, որ PYD-ն ահաբեկչական կազմակերպություն է, անուղղակի ցույց է տալիս, որ համաձայն է վերջինիս գործունեության հետ: Եթե ԱՄՆ-ն իսկապես Թուրքիայի բարեկամն է ու դաշնակիցը, ապա PYD-ն պետք է հայտարարի ահաբեկչական կազմակերպություն»,- նշել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է կողմնորոշվի, թե ով է իր դաշնակիցը՝ Թուրքիա՞ն, թե Սիրիայի «Դեմոկրատական միությունը» (PYD):