Բաժիններ՝

Վրաստան մուտք կգործի ևս մեկ ցածրբյուջետային ավիաընկերություն՝ իռլանդական Ryanair-ը

Վրաստանում կարող է հայտնվել ևս մեկ ցածրբյուջետային ավիաընկերություն՝ իռլանդական Ryanair-ը, որը դիտարկում է թռիչքների իրականացման հնարավորությունը Քութայիսի օդանավակայանից: Այս մասին հայտարարվել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ու ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ΄Բրայանի հանդիպման ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Մասնավորապես, ըստ Ryanair-ի տնօրենի, Ryanair-ի հետաքրքրությունը վրացական շուկայի նկատմամբ պայմանավորված է Վրաստանի բիզնես միջավայրով, զբոսաշրջային հոսքի աճով ու հնարավորություններով, որոնք Վրաստանի քաղաքացիների առաջ կբացվեն Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումից հետո:

«Հատուկ աշխատանքային խումբը կծանոթանա Քութայիսի օդանավակայանի ենթակառուցվածքներին ու հնարավորություններին: Հուսով եմ, որ Վրաստանի կառավարության հետ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն: Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա վարչապետի հետ, որը հույս է ներշնչում, որ մոտ ապագայում մենք կկարողանանք աշխատել երկրում»,- հայտարարել է Դևիդ Օ΄Բրայանը:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիաշվիլին հանդիպումն անվանել է արդյունավետ:

«Դա շատ կարևոր հանդիպում էր, քանի որ Ryanair-ն ամենադինամիկ զարգացող ցածրբյուջետային ավիաընկերություններից է ու հիմա նրա ներկայացուցիչները տեխնիկական մասնագետների հետ եկել են Վրաստան՝ ուսումնասիրելու Քութայիսի օդանավակայանի հնարավորությունները: Բացի այդ՝ նրանք պետք է գնահատեն նոր հնարավորություններն ու նոր ուղղությունները, որոնք հեռանկարային են: Հուսով ենք՝ որոշումները շատ արագ կկայացվեն»,- հայտարարել է նա:

Ryanair-ը հիմնադրվել է 1984թ.: 2015-ին ավիաընկերությունը սպասարկել է ավելի քան 90 միլիոն ուղևորի: Ներկայում ընկերությունն ունի 72 բազա, գործում է 191 օդանավակայաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս