Արմեն Աշոտյանի հրամանով 6 բուհերի կարգապահական տույժ կկիրառվի
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած եզրակացությունները:
Համաձայն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանի, նախազգուշացում է հայտարարվել հետևյալ բուհերին. Հայբուսակ համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ», «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների խախտումների համար (սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման պահանջների մասերով):
Հայկական բժշկական ինստիտուտին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար (կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաև ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով):
Ավանդական բժշկության համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար (կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով):
Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին` բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար (կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով):
Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար (կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով):
Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ) բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար (զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պահանջի մասով):
Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման և ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան ժամկետներ: